Կորոնավիրուսով վարակվածները 2 անգամ ավելի շատ են, քան ներկայացվում է պաշտոնական տվյալներով. գիտնականներ

Մարդկանցից շատերը կորոնավիրուսային ինֆեկցիան ասիմպտոմ են տանում կամ շատ թեթեւ՝ կարծելով, թե իրենց մոտ սովորական մրսածություն է կամ պարզապես հոգնել են: Արդյունքում COVID-19-ի բազմաթիվ դեպքեր մնում են չհաշվառված եւ պաշտոնական վիճակագրության մեջ չեն հայտնվում, ինչը զգալիորեն խաթարում է հիվանդացության իրական պատկերը:

Համավարակի առաջին ամիսներին գիտնականները կարծում էին, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի ասիմպտոմ դեպքերի մասնաբաժինը կարող է հասնել 80 տոկոսի, սակայն ավելի ուշ այս ցուցանիշը նվազել էր մինչեւ 50 տոկոս, հայտնում է Medportal.ru-ն: Իսկ հիմա հետազոտությունները ցույց են տալիս, որ ասիմպտոմ վարակվածների թիվը 17-ից մինչեւ 20 տոկոս է: Մարդկանց ավելի քան կեսի շրջանում, որոնց բժիշկները սկզբում ընդունել են որպես ախտանիշներ չունեցողներ, ժամանակի ընթացքում ախտանիշներ, այնուամենայնիվ, ի հայտ են գալիս:

Ամերիկացի գիտնականները որոշել են նոր հետազոտության ժամանակ ասիմպտոմ դեպքերը համեմատել հիվանդացության պաշտոնական վիճակագրության հետ: Նրանք վերլուծել են գրեթե 62 հազար ամերիկացիների տվյալները, որոնք կյանքի ապահովագրության դիմումներ էին ներկայացրել: Մասնակիցները հանձնել էին արյան նմուշներ եւ իրենց առողջության մասին տարբեր տվյալներ: Դիմումը ներկայացնելու պահին բոլորը հայտնել են, որ իրենց մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա չի եղել:

Լաբորատոր թեստավորումը, սակայն, ավելի քան 4 հազար մասնակցի մոտ հայտնաբերել է SARS-Cov-2-ը չեզոքացնող հակամարմիններ: Սա նշանակում է, որ նրանք ինֆեկցիան առանց ախտանիշների են տարել, կամ ախտանիշներն այնքան թույլ են եղել, որ դրանք չեն նկատել կամ վերագրել են այլ վիճակների:

Գիտնականների տվյալներով՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի վերջի դրությամբ եղել է SARS-Cov-2-ի ոչ պակաս 15,9 մլն դեպք, ներառյալ ասիմպտոմ: Սակայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հայտնել են 7,2 մլն վարակվածների մասին, այսինքն՝ նրանց կեսից պակաս:

Գիտնականների խոսքով՝ վարակման դեպքերի իրական թիվը ավելի քան 2 անգամ գերազանցում է CDC տվյալները, ինչը վկայում է համավարակի ավելի լայն տարածման մասին:

Comments (0)
Add Comment