«Իմ քայլը» կարգելափակի ռազմական դրությունը չեղարկելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը12:52, 15.03.2021Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն
Հայաստանում ռազմական դրության ռեժիմն անհրաժեշտ է չեղարկել: Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ռազմական դրությունը չեղարկելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց նախաձեռնության հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նշենք, որ որոշման նախագիծը ստորագրել են ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, այնպես էլ «Լուսավոր Հայաստանից» ընտրված խորհրդարանականները:
«Ռազմական դրությունը չի համապատասխանում երկրում ստեղծված իրավիճակին եւ մեծ խոչընդոտ է բոլոր քաղաքական գործընթացների համար»,- շեշտեց Աբովյանը:
Նա նշեց, որ ռազմական դրության ռեժիմի պահպանումը հետապնդում է միայն քաղաքական նպատակներ: Մասնավորապես՝ դա իրավական խոչընդոտ է ստեղծում վարչապետի հրաժարականի համար: Խորհրդարանականը նաեւ հիշեցրեց, որ երկրում ռազմական դրությունը մտցվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եւ տեւում է արդեն 5,5 ամիս:
Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները ռազմական դրության ռեժիմի գործողությունն այս անգամ փորձեցին արդարացնել լայնածավալ զորավարժությամբ, որը նախաձեռնել են հարեւան երկրները՝ Ադրբեջանը եւ Թուրքիան: Դրանից բացի, հանձնաժողովի նախագահ, իշխող դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը շտապեց հիշեցնել, որ քաղաքացիների ազատությունը սահմանափակող ռազմական դրության ռեժիմը մասամբ մեղմացվել է, իշխանությունները որոշ սահմանափակումներ չեղարկել են:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին նշեց, որ 2016 թվականի ապրիլյան էսկալացիայից հետո, երբ Ադրբեջանը շարունակում էր անցկացնել լայնածավալ զորավարժություններ, Հայաստանում ոչ մի ռազմական դրություն չի մտցվել, դրա ոչ մի անհրաժեշտություն չի առաջացել:
Այդուհանդերձ, բավականին լարված քննարկումներից հետո, խորհրդարանական հանձնաժողովը քննարկման ներկայացված նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց: Հիմա խորհրդարանական ընդդիմությունը կարող է փորձել հարցը մտցնել հաջորդ շաբաթ նախատեսված հերթական քառօրյայի օրակարգ, սակայն միանգամայն ակնհայտ է, որ «Իմ քայլը» որոշման ընդունունը կարգելափակի: