COVID-19-ից ապաքինվածները պաշտպանված չեն կրկնակի վարակումից. մասնագետ

COVID-19-ից ապաքինվածները բոլորովին պաշտպանված չեն կրկնակի վարակումից, ուստի նրանք չպետք է կորցնեն իրենց զգոնությունը եւ չպետք է հրաժարվեն կանխարգելիչ միջոցառումներից: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ ապաքինված պացիենտների մոտ հակամարմինները պահպանվում են մինչեւ 8 ամիս, սակայն դա եւս անհատական է. ոմանց մոտ հակամարմիններն իսկապես պահպանվում են մինչեւ 8 ամիս, իսկ ոմանց մոտ էլ անհետանում են արդեն մեկ ամիս անց: Ուստի մտածել, որ եթե մարդն արդեն ապաքինվել է, ուրեմն պաշտպանված է եւ կարող է մոռանալ կանխարգելման մասին, սկզբունքայնորեն սխալ է:

Մասնագետի խոսքով՝ նույնիսկ եթե COVID-19-ից հետո մարդն ունի հակամարմիններ, միեւնույն է, նա կարող է վարակվել վիրուսի այլ շտամով: Բացի այդ, ապաքինված պացիենտը հստակ չգիտի, թե քանի հակամարմին ունի, եթե նա պարբերաբար հակամարմինների անալիզ չի հանձնում:

Ինչպես նշեց մասնագետը, ապաքինված պացիենտները եւս կարող են պատվաստվել, երբ երկրում բավարար քանակությամբ պատվաստանյութ լինի: Մինչ այդ կպատվաստվեն ռիսկային խմբերում գտնվող մարդիկ:  

Comments (0)
Add Comment