Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:
Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝
- Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
- Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
- Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
- Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
- Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի),
- Մշակութային հեռուստահաղորդաշարեր,
- Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր,
- Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ,
- Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը,
- Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում,
- Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր,
- Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր,
- Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ,
- Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը:
Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։
Մրցութաշրջանի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/8102