Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի տեսնում երկրում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն:
«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի լրացուցիչ ռազմական կազմավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա ոչ մի անհրաժեշտություն չկա, մեր պետությունների միջեւ այս պահին գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը եւս միայն մեկ ռուսական բազայի կարգավիճակն է որոշում եւ գործունեությունը կանոնակարգում»,- ասել է Հարությունյանը:
1995 թվականի միջպետական համաձայնագրով Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազա: 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ Հայաստանում դրա տեղակայման նախնական 25 տարի ժամկետը երկարացվել է մինչեւ 49 տարի՝ մինչեւ 2044 թվականը: