Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Պեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացքող գործընթացին՝ շեշտելով, որ «ժողովրդի ինքնորոշումն ու հավասար իրավունքները» երեք հավասար սկզբունքներից են, որոնք պետք է 2020 թվականի արյունալի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը տանեն մշտական խաղաղության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Արտգործնախարարը ողջունել է նոյեմբերի 10-ի հայտարարությամբ պատերազմական գործողությունների դադարեցումը՝ ընդգծելով, որ կողմերը պետք է հավատարիմ մնան Հելսինկյան եզրափակիչ ակտին, որը կոչ է անում հարգել «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովրդի ինքնորոշման սկզբունքները»:
Մարիս Պեյնը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:
Ավստրալիայի հայկական համայնքը ողջունել է արտգործնախարար Պեյնի հայտարարությունը՝ այն համարելով ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ: