Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ պատրաստվում է Ստրանջայի միջազգային մրցաշարին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-28-ը Սոֆիայում: Օլիմպիական տարվա առաջին ստուգատեսին թիմը մասնակցում է 10 մարզիկներով, առանց առաջատարի՝ Հովհաննես Բաչկովի: Կրկնակի Եվրոպայի չեմպիոնն էլ պատրաստվում է փետրվարի 27-ին Ալմաթիում տեղի ունենալիք պրոֆեսիոնալ մենամարտին: Չնայած Բաչկովը չի մասնակցելու Ստրանջայի մրցաշարին, բայց մարզվում է հավաքականի հետ Վահան Ադիլխանյանի եւ անձնական մարզիչի հսկողությամբ:
NEWS.am Sport-ը հետեւեց հավաքականի վերջին մարզումային օրվան Սոֆիա մեկնելուց առաջ:
Պարոն Ադիլխանյան, ինչպե՞ս եք ընտրել կազմը եւ թիմն ի՞նչ մարզավիճակում է մոտենում մրցաշարին:
Ստրանջայի մրցաշարի համար կազմն ընտրել եմ Հայաստանի առաջնության արդյունքներով: Ընդգրկվել են լավագույնները, միայն Հովհաննես Բաչկովը չի մասնակցի. նա պատրաստվում է պրոֆեսիոնալ մենամարտի: Մնացած տղաները Հայաստանի չեմպիոններն են: Կմասնակցենք 10 բռնցքամարտիկով՝ Արթուր Հովհաննիսյան (52 կգ), նորեկ Արթուր Ղազարյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63 կգ), Արսեն Գրիգորյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան, Անուշ Գրիգորյան (51 կգ) եւ Անի Հովսեփյան (69 կգ):
Տղաներն իրենց լավ են զգում: Սա մեր երկրորդ ուսումնամարզական հավաքն է Ծաղկաձորից հետո: Մեկնում ենք փետրվարի 19-ին: Կարծում եմ՝ տղաներն իրենց լավ կդրսեւորեն: