Սուրճը կարող է օգտակար լինել սրտանոթային համակարգի համար. հետազոտություն

Սուրճը կարող է օգտակար լինել սրտանոթային համակարգի համար եւ դրականորեն ազդել սրտի անբավարարության ռիսկի վրա: Նման եզրակացության են հանգել Կոլորադոյի համալսարանի եւ Սրտի հիվանդությունների հետազոտման ամերիկյան ասոցիացիայի գիտնականները:

Circulation: Heart Failure ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականներն արհեստական ​​ինտելեկտի միջոցով վերլուծել են ավելի քան 21.000 ամերիկացու մասնակցությամբ անցկացված երեք մասշտաբային հետազոտության տվյալները` պարզելու համար, թե ինչպես է սուրճն ազդում սրտի անբավարարության ռիսկի վրա: Health.mail.ru-ն հայտնում է, որ այդ բոլոր հետազոտությունները նվիրված էին սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների ուսումնասիրությանը:

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական առնվազն մեկ բաժակ սուրճ են խմում, սրտի անբավարարության զարգացման ռիսկը կյանքի ընթացքում կրճատված է: Յուրաքանչյուր լրացուցիչ բաժակ սուրճն օրվա ընթացքում, ըստ գիտնականների, նվազեցնում է այդ ռիսկը 5-12 տոկոսով: Այլ տվյալներով` օրական առնվազն 2 բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ սրտի անբավարարության ռիսկը ցածր է 30 տոկոսով` նրանց համեմատ, ով ընդհանրապես սուրճ չի խմում:

Սակայն այս ամենը վերաբերում է կոֆեին պարունակող սուրճին, իսկ առանց կոֆեինի սուրճը կամ ընդհանրապես չի ազդում սրտի անբավարարության ռիսկի վրա, կամ նույնիսկ ավելացնում է այն:

Սա հետազոտողներին թույլ է տվել եզրակացնել, որ հենց կոֆեինն է սուրճի` սրտի աշխատանքի վրա դրական ազդեցության հիմնական պատճառը, սակայն կոնկրետ ինչի հետ է կապված այդ ազդեցությունը, դեռ պարզ չէ:

Comments (0)
Add Comment