Հայաստանում գործող «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ առաջիկա ամիսներին բեմադրվելու է գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերան, որի առաջին՝ լոնդոնյան բեմադրման 300 ամյակը նշվում է այս տարի: Նախաձեռնությանը մասնակցելու նպատակով Հայաստանում են բեմադրման գլխավոր դիրիժոր , աշխարհահռչակ Ջորջ Փահլիվանյանը, բեմադրման ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Շահումյանը, Վրաստանի կամերային նվագախմբի («Վրացական սիմֆոնետա») ղեկավար Գիորգի Կերելաշվիլին, «IPChain» ասոցիացիայի նախագահ Անդրեյ Կրիչեւսկին եւ Մտավոր սեփականության ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեեւը:
Նրանք երեկ` սեպտեմբերի 7-ին, Գառնու հեթանոսական տաճարի տարածքում կայացած ասուլիսին ներկայացրին օպերայի բեմադրման աշխատանքների մանրամասները.
«Հռադամիստ» օպերայի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Մանասյանի խոսքով` պատահական չէ, որ օպերայի մասին խոսվում է հենց տաճարի շրջակայքում, որտեղ էլ ըստ ստեղծագործության սցենարի` կատարվում են գործուղությունները:
«Օպերայի սյուժեն հայ եւ վրացի թագավորների` Տրդատի եւ Հռադամիզդի մասին է: Համաձայն լիբրետոյի` այդ օպերայի գործողությունները կատարվել են այս տաճարում, եւ մենք նպատակ ունենք, որ օպերան նույնպես բեմադրվի Գառնիի հեթանոսական տաճարում: Մենք ցանկանում ենք, որ այս օպերան դառնա մշակութային մեծ իրադարձություն»,-նշեց նա` հավելելով,-«Կարծիք կա, թե այս օպերան ինչ-որ տեղ նվաստացնում է հայերին, բայց նման բան գոյություն չունի: Այն գրված է հին իտալերենով, եւ չեմ կարծում` շատ մարդիկ ծանոթ են լիբրետոյին: Այդ օպերան լիրիկական բովանդակությամբ շատ գեղեցիկ ստեղծագործություն է` սեր, դավաճանություն եւ այլն…
Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փահլիվանյանը կարեւորում է այն փաստը, որ օպերան դարձել է երեք երկրների միավորման առիթ.
«Այս օպերան միավորել է մեր երեք երկրներին` Հայաստան, Վրաստան եւ Ռուսաստան, իսկ մանավանդ Գառնու տաճարում այն բեմադրելը յուրահտուկ մոտեցում է, որն անկրկնելի է աշխարհի մասշտաբով: Մեր աշխատանքներն այսօր արդեն սկսում ենք: Պետք է այնպես անենք, որ այս օպերան ընդունվի աշխարհի 4 աչքերով, եւ բոլորն ասեն` «բրավո»»,-իր խոսքում նշեց նա:
Օպերայի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վստեհեցնում է`աշխարհում տիրող պանդեմիան չի խանգարի, որ իրենք միահամուռ աշխատեն ստեղծագործության բեմադրման շուրջ` յուրահատուկ մոտեցում ցուցադրելով աշխարհին.
«Հրաշալի գաղափար է օպերան բեմադրել այնտեղ, որտեղ ըստ սցենարի` տեղի են ունենում իրադարձություննեը: Այս հիվանդությունն անգամ մեզ չխանգարեց այստեղ լինել: Ես բնույթով քաղաքականություն սիրող մարդ եմ, եւ կարծում եմ` այս պատմությունը շատ խճճված է: Ես պատմության հանդեպ մի մոտեցում ունեմ ամեն ինչ տեղի է ունենում որոշակի զգացմունքներից ելնելով սեր, ատելություն եւ նման բաներ»,-նշեց նա` շեշտելով.
«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ. սա բարդ գործ է, բայց այս երաժշտությունն ինձ համար հանճարեղ է: Հուսով եմ` հիվանդություը կանցնի, բայց ամեն դեպքում մենք կբեմադրենք այն»:
Գառնու տաճարում տեղի ունեցած ասուլիսին հաջորդեց փոքրիկ հատված օպերայից, որն ըստ նախաձեռնողների` վերջնական տեսքը կստանա մյուս տարի` գարնանը: