Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:
Իտալական ակումբի ղեկավարությունն ուշադրությամբ հետևում է 33-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է պայմանագիր առաջարկել Սուարեսին:
«Բարսելոնան» Լուիս Սուարեսի վաճառքից ստացվելիք գումարը մտադիր է օգտագործել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու նպատակով:
Լուիս Սուարեսի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև նրա նախկին ակումբը՝ հոլանդական «Այաքսը», որտեղ Սուարեսը հանդես է եկել 2007-2011 թվականներին:
Սուարեսը, որի պայմանագիրն Իսպանիայի փոխչեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է մնալ «Բարսելոնայում», եթե նույնիսկ լինի պահեստային խաղացող: