Իտալական «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, դուբլի հեղինակ դառնալով Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի խաղում, սահմանել է ռեկորդ։
27-ամյա բելգիացին առաջին ֆուտբոլիստն է, որ Եվրոպայի լիգայում (նաև ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում) գոլի հեղինակ է դառնում 10-րդ խաղում անընդմեջ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը ևս պատկանում էր Լուկակուին, հաղորդում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած խաղում «Ինտերը» հաղթել էր 5:0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի իսպանական «Սեւիլիայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում:
Վերջին 21 տարում առաջին անգամ Եվրոպայի լիգայի (նախկինում՝ ՈւԵՖԱ-ի Գավաթ) եզրափակիչում կխաղա իտալական ակումբ: 1999-ին «Պարման» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել էր ֆրանսիական «Մարսելին»: