Հայկական ֆուտբոլի անդառնալի կորուստը․ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին

Վերջին օրերին ֆուտբոլային աշխարհը սգում է նախկին ֆուտբոլիստ, Ղազախստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբի գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի կորուստը: 34-ամյա մասնագետի անսպասելի մահը վրա էր հասել սրտի կաթվածի հետևանքով: Ընկերները, հարազատները, նախկին թիմակիցները և սաները դեռ չեն կարողանում հավատալ տեղի ունեցածին, շատերը երբեք էլ չեն հաշտվի այդ մտքի հետ: Արդեն մի քանի օր է՝ սոցցանցերը հեղեղված են մեկը մյուսից հուզական գրառումներով:

Ովքեր գոնե մեկ անգամ ֆուտբոլ են խաղացել Լևոն Ղասաբօղլյանի հետ կամ տեսել նրան խաղադաշտում, կհամաձայնեն, որ նա ինչ-ինչ պատճառներով չկարողացավ ամբողջությամբ օգտագործել իր ֆուտբոլային բացառիկ տաղանդը: Խանգարեցին անընդհատ կրկնվող վնասվածքները, չհանդուրժող բնավորությունն ու անարդարության դեմ պայքարելու անսպառ ձգտումը:

Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զվարթնոցում», «Արարատում», «Կիլիկիայում», «Ուլիսում», Հայաստանի երիտասարդական հավաքականում: Հասցրել է խաղալ նաև էստոնական «Տրանս Նարվա» ակումբում, որը վերջինն էր նրա ֆուտբոլային կարիերայում:

Վնասվածքի պատճառով կարիերան հարկադրված ավարտելուց հետո Լևոնը գիտակցում էր, որ դեռ շատ անելիք ունի ֆուտբոլում և անմիջապես անցավ մարզչական աշխատանքի: Հայաստանում նա մարզչական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում, այնուհետև գլխավորել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն ու աշխատել «Արցախի» մարզչական շտաբում: 2019-ին երիտասարդ մասնագետն առաջարկ ստացավ Ղազախստանից և աշխատանքի անցավ «Ալաշ» ակումբում, որը նորաստեղծ մանկապատանեկան ակադեմիա է և ֆուտբոլիստներ է պատրաստում տարբեր տարիքային հավաքականների համար:

Լևոն Ղասաբօղլյանը շատ էր կարևորում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը: Հարցազրույցներում նա միշտ նշում էր, որ Հայաստանում շատ են տաղանդավոր պատանի ֆուտբոլիստները, որոնց հետ ճիշտ աշխատելու դեպքում կունենանք նոր տաղանդներ: Պատահական չէ, որ նա մի քանի տարի աշխատում էր «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրում, որի՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ էր: Դա տարբեր երկրներում անցկացվող հետաքրքիր նախագիծ է պատանի ֆուտբոլիստների համար:

2016 թվականին Լևոն Ղասաբօղլյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր հետևյալը.

«Ես միշտ ասել եմ, որ մանկապատանեկան ֆուտբոլում մենք միշտ առաջատար ենք եղել, բայց, ցավոք, հետագայում զիջել ենք այն ժամանակահատվածում, երբ պետք է եղել կատարելագործվել, իսկ մեզ մոտ չի ստացվել: Հիմա ես հակված եմ այն մտքին, որ զիջենք մանակապատանեկան ֆուտբոլում, բայց հաջողության հասնենք հաջորդ փուլում: Կան շատ տաղանդավոր երեխաներ ու վստահ եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում մենք կունենանք խաղացողներ, որոնք հետագայում բարձր կպահեն հայկական ֆուտբոլի անունը:

Փորձը ցույց է տալիս, որ հայտնի ֆուտբոլիստների որդիները միշտ մնում են երկրորդ պլանում: Այսինքն՝ նրանց ճանաչում են իրենց հայրերով, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխեց այդ կարծրատիպը: Խոնարհվում եմ Համլետ Մխիթարյան լեգենդի առջեւ: Սակայն, եթե նախկինում ասում էին Համլետի որդի Հենրիխը, հիմա ավելացել է՝ Հենրիխի հայր Համլետը: Հպարտ եմ, որ Հենրիխն իմ ընկերն է, եւ որ հայրս ու Համլետ Մխիթարյանը բարեկամություն են արել ընտանիքներով:

Հայրս միշտ ամենագլխավոր մարդն է եղել իմ համար: Կյանքում միշտ հպարտ եմ եղել նրանով: Միշտ տարբեր հարցերով դիմում եմ նրան: Հայրս աջակցել ու աջակցում է ինձ ամեն հարցում՝ թե՛ ֆուտբոլում, թե՛ առօրյա կյանքում»,- նշել էր երիտասարդ մասնագետը:

Լևոնն անշտապ ու վստահ քայլերով առաջ էր շարժվում մարզչական աշխատանքում և ուներ իր հոր մարզչական հաջողությունները գերազանցելու ներուժ, սակայն, ցավոք, չհասցրեց կյանքի կոչել իր գաղափարները: Բոլորը նրան ճանաչում էին որպես խիզախությունն ու արժանապատվությունն ամեն ինչից վեր դասող անհատականություն: Լևոնը երբեք չէր վախենում ասել այն ամենը, ինչ մտածում է: Քննադատություններում ամեն բան անում էր տեղին ու շատ դիպուկ:

2019-ին պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար, որը ղեկավարում էր հենց Լևոն Ղասաբօղլյանը: Պատանի ֆուտբոլիստները վայելում էին ֆուտբոլով ապրող մարզիչի հետ աշխատանքը և ցանկանում նմանվել նրան:

Պատանիների ու երիտասարդների հետ աշխատանքը հրաշալի էր ստացվում մարզիչի մոտ, սակայն հասկանալի էր, որ քայլ առաջ կատարելու ժամանակն է: Այս տարվա փետրվարին Լևոն Ղասաբօղլյանը գլխավորեց Ղազախստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ակադեմիա Օնտուստիկը»: Երիտասարդ խաղացողներով համալրված ակումբը նկատելի խաղային առաջընթաց էր գրանցում և պատահական չէ, որ Ղասաբօղլյանը մշտապես գտնվում էր ղազախական մամուլի ուշադրության կենտրոնում: Արտասահմանցի երիտասարդ մասնագետն աշխատում էր տեղացի երիտասարդ խաղացողների հետ և առավելագույնը քաղում նրանցից: Վերջերս «Ակադեմիա Օնտուստիկը» ստուգողական խաղում հաղթել էր Ղազախստանի գործող գավաթակիր, երկրի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Կայսարին», որն այս մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայի լիգայի որակավորման փուլում:

«Ակադեմիա Օնտուստիկը» գլխավորելուց հետո Լևոն Ղասաբօղլյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ժամանակը եկել էր.

«Արդեն ժամանակն էր, որ մանկապատանեկան ֆուտբոլից տեղափոխվեի այլ մակարդակ: Վաղուց էի ցանկանում անել այդ քայլը: Առաջարկը եղավ ճիշտ ժամանակին: Սա մեծ փորձություն ու մարտահրավեր է ինձ համար: Վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- նշել էր Ղասաբօղլյանը:

blob:https://www.facebook.com/64aeb72d-e507-43a8-8974-71f4315ea461

Նոր մրցաշրջանում մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպես թիմն իրեն կդրսևորի երիտասարդ ու հեռանկարային մարզիչի գլխավորությամբ: Նախապատրաստական փուլը հրաշալի էր անցել, ամեն բան պատրաստ էր, սակայն եղավ անդառնալին ու անհավատալին:

Դառը ճակատագիրը Լևոնին թույլ չտվեց շարունակել Ղասաբօղլյանների ընտանիքի ֆուտբոլային ուղին, բայց նրա վառ, տղամարդկային, սկզբունքային ու հումորով կերպարը հավերժ կմնան մեր հիշողություններում:

Դավիթ Եղիազարյան

Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ), իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:


Comments (0)
Add Comment