#AraratChallenge շարժումը դարձավ մեկ տարեկան։ Այն մեկնարկեց մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարձունքում տեղի ունեցած խորհրդանշական արարողությամբ։ #AraratChallenge շարժումը համաշխարհային հանգանակության նախագիծ է, որն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական շարժման ազդեցությունը Հայաստանում։
Այն նպատակ ունի աշխարհով մեկ միավորելու առնվազն 1,500,000 նվիրատուի եւ արդեն իսկ միացել են հազարավոր մարդիկ։ Ճիշտ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանությունից փրկված որբերն են նոր կյանք սկսելու հնարավորություն ստացել, այդպես էլ #AraratChallenge շարժումն է բացառիկ հնարավորություն տալիս բոլորին միանալու մեզ եւ երկրորդ հնարավորություն ընձեռելու դրա կարիքն ամենից ավելի ունեցողներին։ Շարժումը նպատակ ունի Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,500,000 անմեղ նահատակների հավերժ հիշատակին աշխարհով մեկ միավորելու առնվազն 1,500,000 նվիրատուի․ արդեն միացել է ավելի քան 24,000 մարդ՝ հանգանակելով ավելի քան 180,000 ԱՄՆ դոլար։
Հայաստանում կորոնավիրուսի բռնկումից հետո #AraratChallenge շարժումը 2019 թ. հուլիսից սկսված հանգանակությունից 120.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ օգնելու առաջնագծում պայքարող Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետներին թոքերի արհեստական օդափոխության սարքերով: Երկրորդ փուլից հետո ստացվող նվիրատվություններն ուղղորդվելու են Հայաստանում մարդասիրական տարբեր ծրագրերի՝ ընտրելով տարեկան հիմունքով։
«Մենք շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցում են, հատկապես նրանց, ովքեր պատրաստակամ են պարբերական նվիրատվությունների, ինչն «Ավրորային» թույլ է տալիս Հայաստանում պայքարելու կորոնավիրուսի դեմ եւ շարունակելու շոշափելի ներգործություն ունենալ մարդկանց կյանքում։ #AraratChallenge շարժումը ոչ միայն ձեր երախտագիտությունը գործով արտահայտելու հիանալի միջոց է, այլեւ իսկապես համընդհանուր մի շարժում, որը միավորում է բոլոր ոլորտների մարդկանց։ Միայն միասնաբար կարող ենք դիմագրավել մարդասիրական մեծ մարտահրավերները, ուստի հուսով ենք, որ հարյուր հազարավոր աջակիցներ դեռ կմիանան մեզ»,-ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
#AraratChallenge շարժումն «Ավրորա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնություններից է: Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբ երեխաներն ստացան նոր կյանք սկսելու հնարավորություն, այսօր էլ #AraratChallenge նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Տեսաուղերձով դրամահավաքի արշավը նախատեսում է մեծացնել Հայաստանում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներգործությունն ու շրջանակը՝ աղքատության դեմ պայքարի, առողջապահության բարելավման ու կարիքավորներին կրթություն տալու ոլորտներում։
«Անսահման է երախտագիտությունս բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատում են մեր առաքելությանը եւ հնարավոր են դարձնում այն: Չնայած կորոնավիրուսի բռնկմանը, չնայած բոլոր դժվարություններին, այս տարին զարմանալի տարի էր #AraratChallenge շարժման համար, որը ցույց տվեց, որ երբ խոսքը գնում է մարդկային կյանքի մասին, յուրաքանչյուր դոլար կարեւոր է դառնում։ Պարբերական նվիրատվություն կատարող մարդկանց անգնահատելի աջակցությունն ապահովում է #AraratChallenge շարժման կայունությունը եւ օգնում է մեզ փոխելու մարդկանց կյանքը Հայաստանում: Որպես Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ՝ ստացածը վերադարձնելու ավելի լավ միջոց իսկապես չկա, քան սա, եւ մենք բոլորին կոչ ենք անում նոր փուլում եւս պարբերականորեն աջակցել #AraratChallenge շարժմանը», — ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Այսօր «Ավրորան» հաստատակամորեն շարունակում է իր ջանքերը եւ մտնում հանգանակության նոր փուլ, որն ուղղվելու է Հայաստանում մարդասիրական կարիքներին։ Միացեք #AraratChallenge շարժմանը, տարածեք ձեր սեփական տեսաուղերձը եւ նվիրաբերեք առնվազն ամսական 1 դոլար՝ աջակցելով «Ավրորային» շարունակելու իր առաքելությունը։