Ճշմարիտ են ավելի վաղ տարածված ասեկոսեները, որ միջին դասի Samsung Galaxy A սմարթֆոնների տեսախցիկները կունենան օպտիկական կայունացուցիչներ։ SamMobile-ի տեղեկություններով՝ այդպիսի առաջին սմարթֆոնը կլինի Galaxy A72-ը, գրում է Planet- today-ը։
Ի տարբերություն ծրագրային կայունացման, որի հնարավորությունները բավականին սահմանափակ են, նկարների օպտիկական կայունացումն իրացվել է ապարատային մակարդակում եւ ապահովում է առավել արդյունավետ պայքար նկարների լղոզման դեմ, որն առաջանում է ձեռքը ցնցելու հետեւանքով։ Ավելի վաղ միայն թոփ մակարդակի սմարթֆոններում կիրառված այդ տեխնոլոգիան աստիճանաբար հասնում է նաեւ բյուջետային սարքերին։
Իհարկե Galaxy A7х շարքը դժվար է անվանել բյուջետային, քանի որ Galaxy A71-ի արժեքը տատանվում է 400-500 դոլարի միջակայքում, եւ Galaxy A72-ը եւս, հավանաբար, պակաս գին չի ունենա։ Սակայն վերլուծաբանները նշում են, որ օպտիկական կայունացուցիչով տեսախցիկներ ունեցող սմարթֆոններն այդ գնային սեգմենտում բավականին հազվադեպ են հանդիպում, ուստի «Սամսունգը» կարող է նոր թրենդի մեկնարկ տալ։
Ենթադրվում է, որ սպասվող Galaxy S20 Lite-ն ու Note20 Lite-ը եւս կարող են ստանալ OIS համակարգով տեսախցիկներ։ Այժմ պետք է միայն սպասել Samsung Galaxy A72 սմարթֆոնի պաշտոնական ներկայացմանը, որն, ըստ ամենայնի, ընդհանուր առմամբ կլինի բավականին հետաքրքիր դեվայս։