Իտալիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են մուտքը 13 երկրից, այդ թվում՝ Հայաստանից

Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսների տարածման վտանգի պատճառով ժամանակավորապես արգելել են 13 ոչ ԵՄ երկրներից մուտքը հանրապետություն: Համապատասխան հրամանը ստորագրվել է հինգշաբթի օրը Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան՝ արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների հետ համատեղ, որոշում է կայացրեց արգելել մուտքը եւ նույնիսկ տարանցումն այն մարդկանց համար, ով վերջին 14 օրվա ընթացքում գտնվել է Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում, Դոմինիկյան Հանրապետությունում՝ սանիտարական անվտանգության պատշաճ մակարդակի ապահովման համար»,- նշվում է նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Նաեւ հաղորդվում է, որ նշված երկրների հետ դադարեցվել են ուղիղ եւ ոչ ուղիղ թռիչքները: Այս երկրներից ոչ մեկը չի մտնում ԵՄ, այսպես կոչված, կանաչ ցուցակ:
Իտալիա մուտք գործող ցանկացած օտարերկրացի, ինչպես եւ արտասահմանից վերադարձող իտալացիները, պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն: Դա վերաբերում է նաեւ կանաչ ցուցակից ԵՄ 14 երկրների քաղաքացիներին: Իտալիայի սահմաններն առանց խոչընդոտների բաց են միայն Շենգենյան երկրների քաղաքացիների համար: Շենգենյան գոտուց դուրս երկրների մեծ մասի հետ կանոնավոր թռիչքները չեն վերականգնվել:

Comments (0)
Add Comment