«Քանի դեռ այս նախագծում եմ, ամեն ինչ անում եմ, որ բարձր պահեմ մեր անունը». Մաշա Մնջոյանը` ավստրալական «Ձայն»-ում իր հերթական հաղթանակի ու հայերեն կատարման մասին

Մաշա Մնջոյանը շարունակում է իր հաղթական ելույթները ավստրալական «Ձայնը» նախագծում: Օրերս հայ երգչուհին հայրենակիցներին հպարտություն պարգեւեց` ոչ միայն մրցույթի հաջորդ փուլում հայտնվելով, այլեւ Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing հայտնի երգը հայերենով սկսելով:

NEWS.am STYLE-ը Մաշայի հետ նոր զրույց է ունեցել Բոյ Ջորջի թիմում հանդես գալու եւ մրցույթում հայերեն կատարելու գաղափարի մասին:

Մաշան Բոյ Ջորջի թիմում հայտնվեց «Դուետ» փուլից հետո, երբ նրա նախկին մարզիչ Քելլի Ռոուլենդը որոշեց իր թիմում պահել այլ մասնակցի, բայց երգչուհին դժգոհ չէ, ավելին` ուրախ է, որ աշխատում է նախագծի ամենափորձառու արտիստի հետ:

«Հիմա նոր մարզչի թիմում եմ ու շատ ուրախ եմ դրա համար: Միգուցե, նախկինում Բոյ Ջորջին այդքան լավ չէի ճանաչում եւ շատ մանրամասն ծանոթ չէի նրա գործունեությանը, բայց նրան ավելի լավ ուսումնասիրելուց հետո հասկացա, որ երեւի ամենալավ մարզչի մոտ եմ այս պահին: Իհարկե, Քելլիի ընտրության ժամանակ սիրտս փոքր-ինչ արագ էր բաբախում, յուրաքանչյուրս, երբ կանգնած ենք լինում այդ բեմում, ենթագիտակցաբար պատկերացնում ենք, որ հենց մեր անունն է հնչելու այդ պահին… Բայց սպասում էի, որ կմնամ նախագծում, որովհետեւ «Կույր լսումների» արձագանքից հետո ակնկալիքներս մեծ էին, եւ երբ Քելլին ընտրեց իր մասնակցին, իհարկե, հույս ունեի, որ Բոյ Ջորջն իր «save»-ը կօգտագործի: Այդպես էլ եղավ, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասում է նա ու հավելում,-«Քելլիի հետ կարողացանք աշխատել «Դուետ» փուլում, բայց ամեն դեպքում` հասցրի նրանից որոշ բաներ քաղել: Նման բարձր համբավ ունեցող ու համաշխարհային ճանաչում վայելող արտիստների հետ աշխատելն արդեն մեծ ձեռքբերում է, անգամ նրանց պահվածքը, քայլվածքը խոսում է նրանց մտածողության մասին: Բոյ Ջորջն ավելի վաղ շրջանի արտիստ է` շատ բարձր մակարդակի երաժիշտ, որը շփվել է իր ժամանակի ամենահայտնի ու լեգենդար դեմքերի հետ, ու վստահ եմ` նախագծում ամենամեծ փորձն ունի: Նրա ցանկացած խոսք աշխատում եմ շատ խորը կլանել, վայելում եմ նրա հետ աշխատելու յուրաքանչյուր վայրկյանը»:

Անդրադառնալով իր վերջին ելույթի հայերեն կատարմանը` Մաշան նշեց, որ դա ոչ միայն իր գաղափարն է եղել.

«Ուիթնի Հյուսթոնի այս հայտնի երգի կատարումը հայերենով սկսելը բոլորիս միտքն էր` եւ մարզչիս, եւ երաժշտական, եւ պրոդյուսերական թիմի, որովհետեւ ինչպես բազմիցս նշել էի` շատ էի ցանկանում միքսել երկու մշակույթները, եւ նրանց այդ միտքը դուր եկավ, ու որոշեցինք, որ ելույթս պետք է սկսեմ հայերենով, ինչի համար շատ երջանիկ եմ, որովհետեւ կարծես` առաջին անգամն էր, որ այս նախագծում մասնակիցը հայերեն էր երգում»:

Երգչուհին խոստովանում է` թեեւ վստահ էր իր կատարման վրա, հաջորդ փուլ չանցնելու մտավախությունը մեծ էր.

«Ես վստահ էի իմ ուժերի վրա ու գիտեի, որ ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի կարողանամ իմ ամբողջ էներգիան ու հնարավորությունները դնեմ այդ ելույթի մեջ, բայց միեւնույն ժամանակ վախեցնում էր այն փաստը, որ ինձ հետ ելույթ ունեցող մասնակիցը մեկ անգամ դուրս էր մնացել նախագծից, բայց նրան վերադարձրել էին, ու կարծում էի, որ հնարավոր չէր, որ նա գար ու միանգամից դուրս մնար նախագծից…բայց ելույթիս ընթացքում դրա մասին չէի մտածում, կենտրոնացած էի միայն լավ ներկայանալու վրա»:

Իր առաջիկա ելույթի մանրամասները Մաշան առայժմ չկարողացավ բացահայտել, բայց նշեց.

«Դեռ չեմ կարող ասել, թե երբ է լինելու հաջորդ ելույթս եւ թե ինչ եմ կատարելու, բայց միանշանակ` անակնկալ է լինելու: Ինֆորմացիան ելույթիցս մի քանի օր շուտ կներկայացնեմ իմ ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում: Ինքներս էլ մեր ելույթների մասին տեղեկությունը օրեր առաջ ենք ստանում: Միայն ասեմ` քանի դեռ կարող եմ լինել այս նախագծում, ամեն ինչ անում եմ, որ լավ ներկայանամ ու բարձր պահեմ մեր անունը»:

Comments (0)
Add Comment