Դիզայներ Մանուկ Ալեքսանյանն օրերս ներկայացրել է իր նոր հավաքածուի ֆոտոշարքը, որի դեմքը դարձել է Տաթեւ Սարգսյանը: Դերասանուհին շարքում առանձնանում է իր թրենդային look-ով՝ ինքնատիպ դիմահարդարում ու ծաղկային վառ պրինտ, որոնք միեւնույն ժամանակ նրբագեղ ու սեքսուալ տեսք են հաղորդում նրան:
Տաթեւը լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին, իսկ մենք նրա հետ զրուցել ենք նորաձեւությունից, թրենդներից եւ իր նախընտրելի ոճից:
Դերասանուհին շեշտեց, որ միշտ հաճույքով է աշխատում Մանուկ Ալեքսանյանի հետ.
«Նա այն դիզայներներից է, որը չի կրկնօրինակում, ունի իր աշխարհայացքը, որը կարողանում է տեսնել այնպիսի դետալներ, որոնց կողքով շատերը, միգուցե, անտարբեր անցնեին: Նա այն մարդն է, որը դետալներին պատմություն է տալիս: Ես շատ եմ սիրում այն հաջողակ մարդկանց, որոնք օրինակելի են իրենց տեսակով ու ձեռագրով: Պարտադիր չէ, որ մարդը ներգրավվի միջազգային հարթակ, որպեսզի ես նրան համարեմ հաջողակ: Մանուկի հետ աշխատելիս ստանում ես մաքսիմալ հաճույք, որովհետեւ ամեն անգամ տեսնում ես, թե որքան է ինքն իր վրա աշխատում, եւ դա քեզ հուշում է մյուս անգամ լինել էլ ավելի լավը նրա հետ աշխատելիս: Մանուկի հրավերները միշտ մեծ ոգեւորությամբ եմ ընդունում, անգամ չեմ հարցնում՝ ինչ ֆոտոշարք է, լիարժեք վստահում եմ նրան ու նրա տաղանդին: Վերջին ֆոտեշարքի թեման նրա՝ «СССР» հավաքածուն էր, որը շուտով, երբ բոլոր խնդիրները շտկվեն, կցուցադրվի հանրությանը: Ցուցադրությունը պետք է ավելի վաղ լիներ, բայց կարանտինով պայմանավորված ամեն ինչ հետաձգվեց»:
Ինչ վերաբերում է, առհասարակ, թրենդներին ու նորաձեւությանը՝ դերասանուհին նշում է՝ ցանկացած պարագայում նախապատվությունը տալիս է իր հոգեվիճակին.
«Ինձ թվում է՝ այդպես ավելի ազնիվ ես ինքդ քեզ հետ: Չեմ փորձում ինձ հարմարեցնել ինչ-որ բաների, որոնք մոդայիկ են: Իհարկե, ժամանակի հետ քո ճաշակն էլ է փոխվում: Այնուամենայնիվ, ես մոլեգին չեմ հետեւում՝ ինչ է կատարվում նորաձեւության ոլորտում: Ավելի շատ հետեւում եմ, թե ընթացքում ինձ ինչ գույներ են սկսում դուր գալ, հետո այդ ամենը համապատասխանեցնում եմ նաեւ իմ տրամադրությանը: Կարծում եմ՝ այդկերպ դու ավելի ոճային ես լինում, քան, երբ հետեւում ես այն ամենին, ինչ թելադրում է նորաձեւությունը: Կարեւոր է հետեւել, թե ինչ է կատարվում նորաձեւության ոլորտում, որոնք են թրենդները եւ այլն, բայց եթե քեզ դուր է գալիս, օրինակ, տարբեր պիջակներ կրել, որոնք, միգուցե, դուրս գան մոդայից, բայց դու քեզ դրանց մեջ լավ ես զգում, պետք է գնալ հենց քո նախընտրության հետեւից»:
Տաթեւի համար հարմարավետությունն այնքան կարեւոր է, որ ասում է՝ կարող է ինչ-որ հանդիպումից ուշանալ, բայց պարտադիր պետք է հարմարավետ հագնված լինի, ինչը նաեւ լավ տրամադրության գրավականն է.
«Այն վիճակին եմ հասել, երբ վստահում եմ ինքս ինձ ու նախընտրում եմ՝ մարդիկ ինձ սպասեն, բայց ինքս ինձ նեղություն չտամ»,-ասում է նա ու հավելում, որ եթե նախկինում իրեն դուր էր գալիս իր look-ն աքսեսուարներով ամբողջացնելն, ապա այսօր ճիշտ հակառակն է.
«Այսօր իմ ոճում ավելի շատ մինիմալիզմն է գերիշխում, որը կարծում եմ՝ մարդուն ավելի լավ է ներկայացնում: Մենք պատմություն ենք՝ մեր աքսեսուարներով, մատնահարդարմամբ եւ դիմահարդարմամբ. դրանք են բնութագրում մարդուն: Հագուստով ու դրա ընտրությամբ ես, օրինակ, հասկանում եմ մարկանց ճաշակն ու ներաշխարհը»:
Տաթեւի կարծիքով՝ ամենակարեւոր թրենդը սեփական կառուցվածքին ու արտաքինին համապատասխան հագնվելն է.
«Պետք է տեսնես՝ արդյոք քեզ համապատասխա՞ն է հագուստը: Կուզեի, որ աղջիկները վստահեին իրենք իրենց ու պարտավորված չլինեին թելադրանքով ինչ-որ բան հագնել»:
Դերասանուհին անդրադարձավ նաեւ շոփինգի ազդեցությանը տրամադրության վրա: Տաթեւը նշում է, որ թեեւ փորձում է լինել լավատես ու պահպանել լավ տրամադրությունը, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ իր տրամադրության մեջ էլ են լինում շեղումներ, ու դրական տրամադրվելու հարցում իրեն էլ հաճախ հենց շոփինգն է օգնում.
«Երբ ինքդ քեզ մի լավ բան ես նվիրում, համարում, որ տվյալ գնումը քոնն է, դա փոխում է հոգեվիճակդ՝ թեկուզ մի փոքրիկ շոկոլադը կամ նման բնույթի գնումը: Սիրում եմ նաեւ տան համար իրեր գնել, դա ինձ ոգեւորում է ու փոխում տրամադրությունս»: