Իսպանական La Casa de Papel/«Թղթե տնակը» հայտնի հեռուստասերիալն, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մեծ լսարան ունի, իսկ ֆիլմի հերոսների խորհդանշական կարմիր կոմբինիզոնն ու Դալիի դեմքով դիմակները կարելի է ասել` բավական թրենդային են դարձել շատերի շրջանում: Ֆիլմի կերպարները ոգեշնչել են նաեւ «Փափուկ խաղալիք» սիթքոմից հայտնի դերասանուհի Իլոնա Մկրտչյանին եւ լուսանկարիչ Վահագ Ավանեսյանին: Նրանք հերթական համատեղ ֆոտոշարքն են իրականացրել, որն Իլոնան տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել խորհրդանշական կերպարով ներկայանալու ու ֆիլմի հերոսուհի Տոկիոյի հետ նմանությունների մասին:
«Կարանտինի ժամանակ ֆիլմը շատ ակտուալ դարձավ, ու ես շատ նամակներ էի ստանում, որ նման եմ ֆիլմի հերոսուհիներից Տոկիոյին: Որոշեցի առաջարկել լուսանկարիչ Վահագ Ավանեսյանին նման ֆոտոշարք անել: Երկար ժամանակ տեւեց, մինչեւ գտանք դիմակը, ցավոք չկարողացանք գտնել ֆիլմի հերոսների հայտնի համազգեստից, բայց կարծում եմ` ընդհանուր կերպարը կարողացել ենք ստանալ»,-ասում է Իլոնան, ըստ որի` ֆիլմի հաջողությունը անսպասելի իրադարձությունների մեջ է.
«Կարծում եմ` ֆիլմի հաջողության գրավականը նրանում է, որ յուրաանչյուր սերիայում պահվում է ինտրիգը, ամեն մի սերիա իրադարձային է: Ես դիտել եմ նաեւ դերասանների հարցազրույցները ֆիլմի մասին ու պարզել, որ սցենարը գրվում էր ամեն սերիայից հետո ու իրենք էլ չեն իմացել` հետագայում ինչ է սպասվում իրենց կերպարներին, ինչը եւս, կարծում եմ, դարձել է հաջողության գրավական»:
Նա նաեւ հավելում է. «Շատ եմ սիրում նման ժանրի ֆիլմեր, ու ինձ տեսնում եմ դետեկտիվ ժանրում»:
Չնայած դերասանուհուն ընկերներն ու երկրպագուները Տոկիոյին են նմանեցնում՝ նա ունի ֆիլմում այլ սիրելի հերոս.
«Իմ ամենասիրելի կերպարը Պրոֆեսորն է, քանի որ նա կարողանում է ամեն դժվար իրավիճակից գտնել լուծում ու միշտ զարմացնում է իր գաղափարներով ու մտքերով, բայց ինձ հենց Տոկիոյի կերպարում եմ տեսնում: Ներքին առումով եմ ինձ նրան նմանեցնում, քանի որ նա էլ դժվար պահերին կարողանում է գտնել ուժ ու քայլել առաջ: Նա շատ էմոցիոնալ է ու զգայուն: Նրան նման եմ նաեւ կազմակերպչական առումով: Ես էլ կյանքում զգոն եմ, սիրում եմ զբաղվել կազմակերպչական հարցերով»:
Ֆիլմի հերոսներն իրենց անձը թաքցնում են Սալվադոր Դալիի դիմակի հետեւում: Խոսելով կյանքում դիմակ կրելու մասին` Իլոնան նշում է.
«Չեմ կարծում` թաքնվելը խնդրի լուծում է: Ինչ իրավիճակում էլ հայտնվեմ, չեմ փորձի թաքնվել դիմակի հետեւում: Կփորձեմ պայքարել ու դիմակ չկրել»: