Գիտնականների եւ միլիարդատերերի խումբը «գաղտնի» պատերազմ է մղում COVID-19-ի դեմ

Բարձր որակավորում ունեցող գիտնականները, ակադեմիկոսները եւ Նոբելյան մրցանակի դափնեկիրները, միլիարդատերերի աջակցությամբ, միավորվել են, որպեսզի COVID-19-ի դեմ պայքարի նոր միջոցներ գտեն։

Վերջին ամիսներին «Գիտնականները հանուն COVID-19-ի դադարեցման» խումբը աշխատել է կուլիսների հետեւում, որպեսզի կազմի խորհրդատվական զեկույց, որի մեջ շարադրված են, ինչպես իրենք են կարծում, վարակիչ հիվանդությունների բուժման եւ տնտեսության վերականգնման մեթոդներ։

Այդ խմբի գոյության մասին առաջին անգամ հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը։ Թերթի տվյալներով՝ նրա աշխատանքը արդեն փոխանցվել է փոխնախագահ Մայք Փենսին, որը ղեկավարում է Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակային խումբը եւ ազդել է Սննդամթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչության (FDA) ու Անասնաբույժների գործերով վարչության (DVA) կողմից ընդունված որոշումների վրա։

Վենչուրային կապիտալիստ Թոմ Կախիլի կողմից ղեկավարվող կոլեկտիվը օգտվում է այն տասնյակ տղամարդկանց եւ կանանց ընդհանուր գիտելիքներից, որոնք աշխատում են գիտական եւ ակադեմիական շրջանակների բարձր պաշտոններում։

Ներկայում թիմի անդամներն են՝ Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի իմունոկենսաբանության պրոֆեսոր Ակիկո Իվասակին, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի դեկան եւ պրոֆեսոր Լին Գոլդմանը, Հարվարդի համալսարանի քիմիայի եւ քիմիական կենսաբանության պրոֆեսոր Ստյուարտ Շրեյբերը եւ շատ ուրիշներ:

WSJ-ի ստացած եւ հրապարակած զեկույցը նշում է այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարող են օգտագործվել COVID-19- ի բուժման համար եւ առանձնացնում է ԱՄՆ-ի այն ընկերությունները, որոնք առավելագույնս հարմար են դեղագործության, դեղամիջոցների կամ հակամարմինների արտադրության, տարածման կամ հետազոտության համար:

Անդամները դիտարկում են ուսումնասիրությունները`առավել հեռանկարային արդյունքներ գտնելու համար, այնուհետեւ փորձում են դրանք հաղորդել առողջապահության պաշտոնյաներին եւ դաշնային կառավարությանը:

Զեկույցում հաստատվում է, որ խմբի որեւէ անդամ չունի «ուղղակի կամ հայտնի անուղղակի ֆինանսական շահեր» վերլուծության մեջ նշված ընկերություններում: WSJ-ն նշում է, որ պլաններից մի քանիսը, պարզվել է, «ոչ օրթոդոքս» են, այդ թվում առաջարկվող բուժումը այն դեղամիջոցներով, որոնք առաջին անգամ օգտագործվել են Էբոլայի տենդի բուժման համար ավելի բարձր չափաբաժիններով, քան նախկինում օգտագործվածները: «COVID-19- ի դեմ պատերազմն ընթանում է մի քանի ճակատներով»,- ասվում է զեկույցում:

Թիմի խոսքերով՝ թերապիայի առաջին փուլը կկենտրոնանա գոյություն ունեցող դեղամիջոցների վրա՝ 2020թ․ ապրիլ-մայիս ամիսներին եւ դրանից անմիջապես հետո թեսթավորումներով։

Երկրորդը կմշակի դեղամիջոցներ հակամարմինների հիման վրա՝ 2020թ․ հունիս-օգոստոս ամիսներին փորձարկումներով։ Երրորդը վակցինայի ստեղծումն է՝ 2020թ․ մարտից մինչեւ 2021թ․ մարտ փորձարկումների գրաֆիկով։

Չորրորդը՝ տնտեսության վերականգնումը, կսկսվի մոտավորապես այս տարվա մայիս-հունիս ամիսներին, սակայն պետք է հիմնվի վիրուսների ախտանիշների եւ թեսթավորման մասին գիտական տվյալների վրա։

Խումբը WSJ-ին հայտնել է, թե իրենք գիտեն, որ իրենց գաղափարները չեն կարող ընդունվել ԱՄՆ կառավարության կամ կորոնավիրուսի հարցով նրա նպատակային խմբի կողմից։ «Մենք կարող ենք անհաջողության մատնվել,- թերթին ասել է Հարվարդի համալսարանից քիմիկոս Շրայբերը,- Սակայն եթե դա հաջողվի, դա կարող է փոխել աշխարհը»։

Comments (0)
Add Comment