Մալխաս Ամոյան․ Այս ամենը մեզ սովորեցնում է սիրել ու ճիշտ գնահատել մեր կյանքը

Ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե օր օրի ինչքան վարակման ու մահվան դեպքեր են գրանցվում: Այն, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, եւս մեկ անգամ մեզ սովորեցնում է սիրել ու ճիշտ գնահատել մեր կյանքը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Ինչպես Հայաստանի բոլոր մարզիկները, երիտասարդ Ամոյանը նույնպես այս շրջանում մարզվում է տան պայմաններում կամ բացօթյա: 72 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը երիտասարդների կազմում արդեն հասցրել է նվաճել բոլոր մեդալները:

Ըմբիշը նախապատրաստվում է կարանտինի ավարտից հետո մեծ ուժով մեծահասակների կազմում պայքարի մեջ մտնելուն եւ բարձր արդյունքներ գրանցելուն, ինչպես դա արել է իր հորեղբայրը՝ 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,  աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը:  

Մալխաս, ինչպե՞ս ես անցկացնում օրերդ: Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:

Շատ լավ եմ անցկացնում կարանտինի օրերը: Մեծ մասը ընտանիքիս անդամների հետ եմ, մարզումների եմ գնում եւ դասերի մասնակցում: Սովորում եմ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնի երկրորդ կուրսում. հեռակայում եմ: Զուգահեռ սովորում եմ նաեւ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտի ըմբշամարտի բաժնի առաջին կուրսում:

Մարզումներս կազմակերպում եմ տարբեր տեղերում՝ տանը, դրսում:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին: Հետեւո՞ւմ ես #մնատանը հորդորին:

Դժվարությունն այն է, որ չեմ կարողանում լիարժեք մարզվել: Բավարարվում ենք տնային ու բացօթյա մարզումներով՝ փորձելով պահպանել մարզավիճակ ֆիզիկական աշխատանքներով: Դժվարությունը նաեւ այն է, որ չենք կարողանում ընկերներով հաճախ հանդիպել, Երեւանի փողոցներում զբոսնել, քանի որ հետեւում եմ #մնատանը հորդորին եւ խուսափում մարդաշատ վայրերում հայտնվելուց:

Ինչպե՞ս կնկարագրես աշխարհում ստեղծված այս իրավիճակը:

Իհարկե, աշխարհում տիրող այս իրավիճակը շատ ցավալի է ինձ համար այնպես, ինչպես բոլորի համար: Միայն մի բան գիտեմ, որ այս ամենը եւս մեկ անգամ մեզ սովորեցնում է սիրել ու ճիշտ գնահատել մեր կյանքը:

Վախ ունե՞ս այս իրավիճակի հետ պայմանավորված:

Ոչ թե վախենում եմ, այլ ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե օր օրի ինչքան են ավելանում վարակման ու մահվան դեպքերը:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ տանը:

Ազատ ժամանակս հիմնականում անցկացնում եմ ընտանիքիս անդամների հետ, ֆիլմեր եմ դիտում, դասերով եմ զբաղվում:

Ի՞նչ ֆիլմ խորհուրդ կտաս դիտել տանը այս օրերին:

Ռեժիսոր Ջորջ Թիլլման կրտսերի «Զինվորական ջրասուզորդը» ֆիլմը (2000թ.):

Իրական փաստերի վրա նկարահանված ֆիլմ է՝ լեգենդար ջրասուզորդ Կառլ Բրաշիրի կյանքից: 

Գի՞րք…

Սերվանտեսի «Դոն Կիխոտ»:

#ՄնաՏանը…

Մնանք տանը եւ յուրաքանչյուրս մտածենք մեր հարազատների, ժողովրդի մասին, փորձենք հնարավորինս տանը մնալով՝ զերծ պահել մեզ վարակից:

Շնորհակալություն…

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին: Նրանք, իրենց կյանքը վտանգելով, օգնում են հարյուրավոր մարդկանց:

Comments (0)
Add Comment