Ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Էդրիեն Բրոուդին այսօր՝ ապրիլի 14-ին, նշում է ծննդյան 47- ամյակը: Օսկարակիր դերասանը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, որոնցից մի քանիսում հանդես է եկել նաեւ՝ որպես պրոդյուսեր: Նա միակ ամերիկացի դերասանն է, որն արժանացել է ֆրանսիական «Սեզար» մրցանակի՝ որպես «Լավագույն դերասան»:
Էդրիանին գլխապտույտ հաջողություն է բերել 2002 թ-ին էկրաններ բարձրացած «Դաշնակահարը» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հայտնի երաժիշտ Վլադիսլավ Շպիլմանին:
Դերասանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են՝ «Նեղ կարմիր գիծը», «Խորհրդավոր անտառը», «Պիջակ», «Քինգ-Քոնգ», «Հիբրիդը» եւ այլն:
Ի դեպ, Էդրիեն Բրոուդիի պատվին անվանվել է N9974 աստերոիդը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի հայտնի մտքերից մի քանիսը.
«Մի փոքր ուշադրությունն ու բարությունը կարող են փոխել մեկի կյանքը. դրանց բացակայությունը՝ նույնպես»:
«Լուրջ լինելը շատ ձանձրալի է»:
«Ֆիլմը ժամանակի հիշողությունն է, ու եթե ես դրան ոչ բավարար ժամանակ կամ կենտրոնացում նվիրեմ, այն ինձ համար կդառնա բացասական հիշեցում»:
«Ես մեծացել եմ ֆինանսապես ոչ ապահով վիճակում, իմ ծնողներն ավելի վատ պայմաններում են մեծացել. հենց դա է ինձ միշտ զգոն պահել»:
«Իմ մեջ միշտ է ապրել դերասանը»:
«Հետաքրքիր է, երբ երիտասարդ տարիքում արժանանում ես «Օսկարի», այն ամբողջությամբ փոխում է կյանքդ, բայց միեւնույն է՝ սա ես եմ՝ ինքս իմ մեջ: Մրցանակը շատ է օգնել ինձ աշխատանքի մեջ, բայց ես փորձում եմ չշեղվել այն ճանապաչհից, որով քայլել եմ նախկինում»:
«Մարդիկ կարծում են՝ ճանաչումն ու փողն են բերում երջանկություն: Ճանաչումն, իրականում, կյանքն ու, հատկապես, մարդկային հարաբերություններն ավելի խճճված է դարձնում»:
«Ես մի վայրի ու չարաճճի երեխա եմ եղել, որն ուներ անսահման երեւակայություն, կյանքում ամեն ինչին փորձում էի հակազդել»:
«Հայրս ինձ միշտ ասում էր՝ «Մեկ գիշերվա հաջողությունը մի ամբողջ 15 տարի է պահանջում»: Ինձանից այն պահանջեց 17 ու կես տարի»:
«Հրաշալի է, երբ մարդիկ գնահատում են աշխատանքդ, բայց չգիտեմ՝ որքան լուրջ վերաբերվեմ դրան: Հետաքրքիր է, որ ես շատ հեշտ եմ մի բան գտնում եւ դա կարող է բավական շահութաբեր բան լինել, բայց ես ամեն դեպքում հաճույքով եմ անում իմ գործը»: