2019 թվականին Ferrari ընկերությունը 86 հազ․ եվրոյի չափով եկամուտ է ստացել համաշխարհային շուկայում վաճառված յուրաքանչյուր ավտոմեքենայի դիմաց, գրում է Մոտոր-ը։
Անցած տարի ամբողջ աշխարհում նոր ավտոմեքենաների վաճառքների ծավալն աստիճանաբար նվազում էր, սակայն 2019 թվականն այնքան էլ վատը չէր։ Օրինակ, համաձայն Fiat Group World-ի վերջին հաշվետվության, Ferrari ընկերությունն ստացել է 86 հազար եվրո յուրաքանչյուր ավտոմեքենայի համար՝ անցած տարի ամբողջ աշխարհում վաճառելով 10 131 սուպերքար։ Այդկերպ յուրաքանչյուր ավտոմեքենայի վաճառքից ընկերությունը ստացել է 23.2 տոկոսի չափով զուտ շահույթ։ Հաշվետվության մեջ նշված է, որ Ferrari-ն գրանցել է այդպիսի տպավորիչ արդյունք նոր տեխնոլոգիաներ ներդնելու, շուկայի փոփոխություններին արագորեն հարմարվելու եւ գրագետ մարքեթինգի շնորհիվ։
Ճիշտ է, 2018 թվականին ընկերության եկամուտը փոքր-ինչ բարձր էր․ այդ ժամանակ Ferrari-ն ստացել էր 86 369 եվրո յուրաքանչյուր վաճառված ավտոմեքենայի դիմաց։ Մյուս ավտոարտադրողները միայն կարող են երազել այդպիսի եկամտաբերության մասին․ օրինակ՝ Ferrari սուպերքարի վաճառքից գոյացած շահույթ ստանալու համար BMW-ն պետք է վաճառի 30 նոր ավտոմեքենա, VW-ը՝ 56, Mercedes-Benz-ը՝ 67, Ford-ը՝ 908, իսկ Nissan-ը՝ 928 մեքենա։ Իտալացիների համար ամենաբարեհաջող տարածաշրջանը Եվրոպան էր, Մերձավոր Արեւելքն ու Աֆրիկան, իսկ ԱՄՆ-ում գրանցվել է վաճառքի ծավալների անկում։ 2020 թվականին դեռեւս հաջողություններ չեն կանխատեսվում ավտոմոբիլային շուկայում։