ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկակացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկօրյա միջոցառման մեկնարկը տրվել է մայիսի 3-ին:
«Ուշ ժամի եկել ենք, կարծում էինք, որ «Երևանի գինու օրերը» վերջացած կլինի, սակայն պարզվում է, որ «նոր է սկսվել»: Այստեղ ուղղակի աննկարագրելի մթնոլորտ է: Դժվար է հավատալ, թե ինչ է կտարվում Երևանի Սարյան փողոցում: Այս տարի փառատոնը հասել է նաև Մոսկովյան փողոց»,-Սարյան փողոցից «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ասաց Փաշինյանը: Վարչապետը հիշեց, որ անցյալ տարի ևս մասնակցել էին, այդ ժամանակ փառատոնը սկսվում էր Թումանյան խաչմերուկից, այս տարի ընդլայվել է, սկսվում է համարյա Բաղրամյան պողոտայի ու Մոսկովյանի խաչմերուկից:
«Շատ օտարերկրացի հյուրեր, զբոսաշրջիկներ կան, կարճ ասած՝ այս փառատոնը դառնում է մեր երկրի կարևորագույն բրենդներից մեկը»,-ասաց վարչապետն ու կոչ արեց մյուս տարի անպայման մասնակցել:
«Երևանի գինու օրեր»-ն այս տարի արդեն անցկացվում է երրորդ անգամ: Կազմակերպիչն է «ԷվենՏուրա» ընկերությունը: Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին ներկայացված է 25 տաղավար, 30-ից ավելի ռեստորաններ: Միջոցառումն անցկացվում է Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան և Մոսկովյան փողոցների համապատասխանաբար Պուշկին և Սպենդիարյան խաչմերուկների հատվածում։ Այն կշարունակվի նաև մայիսի 4-ին, ժամը 19:00-23:00-ն:
«Երևանի գինու օրերը» նպաստում է Հայաստանի և մասնավորապես՝ Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունն ընդարձակվել է ԱՊՀ բոլոր երկրներից ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա։
Միջոցառման մուտքն անվճար է։ Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 դրամ արժողությամբ հատուկ փաթեթները։ Փաթեթներն իրենց մեջ ներառում են գինու ապակե բաժակ «Գինու Օրեր» ապրանքանիշով, կտորից հարմարավետ պատյան, հայաստանյան և արցախյան գինի արտադրողների տեղեկատվական գրքույկ, 20% զեղչի կտրոններ մասնակից մի քանի ռեստորաններից՝ ցանկացած ուտեստ 20% զեղչով գնելու համար, վաճառվելու են նաև հավելյալ կտրոններ 500 դրամ արժողությամբ: