Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ապրիլի 24-ին՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության տաղավարը, որտեղ, հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները, կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀԿԽԸ կամավորները կշրջեն նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և խմելու ջուր տրամադրելու համար, հերթապահություն կսահմանեն հուշահամալիրի խորանում։
Արդեն երկար տարիներ է, ինչ Առաջին օգնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է: ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար՝ արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով: ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` մարդասիրություն, անկողմնակալություն, չեզոքություն, անկախություն, կամավորություն, եզակիություն, համընդհանրություն։