Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում եկեղեցու մոտ կրկին պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ պայթուցիկը եղել է հարևանությամբ կայանած մեքենայում: Այն պայթել է այն ժամանակ, երբ սակրավորները փորձել են վնասազերծել սարքը:
Ուղիղ միացմանը կարող եք հետևել՝ սեղմելով այստեղ:
Նշվում է նաև, որ Շրի Լանկայի ոստիկանությունը մայրաքաղաքի Պետահ արվարձանի ավտոբուսի կանգառներից մեկում ռումբի 87 դետոնատոր է հայտնաբերել: Սկզբում իրավապահները 12 դետոնատոր են գտել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ևս 75-ը: Դրանք թաքցված են եղել աղբի մեջ:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: Դեռևս պարզ չէ՝ արդյոք հայտնաբերված սարքերը որևէ առնչություն ունեն կիրակնօրյա պայթյունների հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի, մինչդեռ վիրավորները 500-ն են:
Ըստ թարմ տվյալների՝ զոհերի թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Անցած կիրակի Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները:
Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 24 կասկածյալի: Բացի այդ, հայտնաբերվել է բեռնատար, որը կարող էին օգտագործել հանցագործները:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ահաբեկչությունների հետաքննությամբ: