Չինաստանի Սիչուան նահանգի Չենդու քաղաքի պանդաների բազմացման կենտրոնում ներկայումս բնակվում են 195 մեծ պանդաներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, մեծ պանդաների բուծման կենտրոնը համարվում է պաշտպանական, գիտական, հետազոտական, հասարակական, կրթական և զբոսաշրջային համաշխարհային բազա, որի ընդհանուր տարածքը կազմում է 100 հեկտար:
«1980-ական թվականներին կենտրոնում եղել են ընդամենը հիվանդ և սոված 6 մեծ պանդաներ, և այդ 6 պանդաներից տեխնիկական բազայի հիման վրա մենք կարողացանք նրանց բազմացնել: Ներկայումս կենտրոնում բնակվում են 152 մեծ պանդաներ»,- նշեց կենտրոնի աշխատակից Վեյ Ուվենը:
Նա ընդգծեց, որ համաշխարհային փորձագետների համատեղ ինտենսիվ աշխատանքի արդյունքում իրենց կենտրոնը կարողացավ ավելացնել պանդաների քանակը:
Կենտրոնի աշխատակիցը հավաստիացնում է, որ 1980-ական թվականներից ի վեր իրենց բազան երբեք բնությունից չի վերցրել գեթ մեկ պանդա:
«Մեծ պանդաների երկարությունը հասնում է 1,5 մետրի, իսկ քաշը 100-150 կիլոգրամի: Օրական մեծ պանդան ուտում է մինչև 30 կիլոգրամ բամբուկ և իր սովորության համաձայն մոտ 12 ժամ քնում»,- ասաց աշխատակիցը:
Չինարեն պանդային անվանում են «սյունմաո», ինչը թարգմանաբար նշանակում է արջ-կատու: Գիտնականները երկար ժամանակ բանավիճում էին, թե որ ընտանիքին է պատկանում մեծ պանդան՝ ջրարջերի՞, թե արջերի ընտանիքին, ի վերջո եկան այն եզրակացության, որ պանդաները պատկանում են արջերի ընտանիքին։
Վայրի բնությունում մեծ պանդաներին կարելի է հայտնաբերել միայն Չինաստանի արևմտյան՝ Սիչուան, Գանսու և Տիբեթ նահանգներում: Վայրի բնությունում մնացել են ընդամենը 1600 մեծ պանդաներ և Չինաստանում այս հմայիչ կենդանու որսն ու արտահանումն արգելված են: Պանդան ընդգրկվել է Գինեսի գրքում, որպես ամենագեղեցիկ կենդանին աշխարհում: