Յուրաքանչյուր ժանրում ֆիլմ կա, որը կարելի է անվանել էտալոնային: Եվ կատակերգական մարտաֆիլմում նույնպես նման ֆիլմ կա
Կարծում եմ, որ կատակերգական մարտաֆիլմի համար սյուժեն ամենեւին գլխավորը չէ: Այն պետք է հանդիսատեսին զվարճացնի, այլ ոչ թե նրա ուղեղը լցնելով զբաղվի: Միանգամայն բավական է պարզագույն պատմությունը: Ճիշտ այնպիսին, ինչպես այս ֆիլմում:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է 1998 թվականին նկարահանված կատակերգական մարտաֆիլմ ժանրի «Պիկ ժամ» ֆիլմը:
Ռեժիսորն է Բրեթ Ռաթները, գլխավոր դերակատարներն են՝ Ջեքի Չանը եւ Քրիս Թաքերը:
Չարագործները Լոս Անջելեսում առեւանգում են Չինաստանի հյուպատոսի մանկահասակ դստերը, որը տեսուչ Լիին կանչում է Ամերիկա, որպեսզի նա մասնակցի աղջկա ազատագրմանը:
ՀԴԲ-ին դա դուր չի գալիս, եւ նրանք Լիին են կցում ոստիկան Քարթերին, որպեսզի նա քննությանը չխառնվի: Բնականաբար, մի շարք տարաձայնություններից եւ թյուրըմբռնումներից հետո նրանք ջանքերը միավորում են եւ լրջորեն զբաղվում պատանդի հայտնաբերմամբ:
Երկխոսություններն, իհարկե, կարեւոր են, բայց չպետք է մոռանալ զվարճալի իրավիճակների մասին, որի մեջ կհայտնվեն ֆիլմի հերոսները: Թաքերի հերոսի պարելու տեսարանը կարող է ծիծաղից գալարել:
Վերեւում թվարկված ամենը կատակերգական մարտաֆիլմի համար պարտադիր է, բայց առանց էքշնի դա ուղղակի ուրախ կատակերգություն կլինի: Եվ հենց այստեղ գործի են դրվում Ջեքիի մարտական հնարքներն ու կասկադյորական հմտությունները:
Սակայն ամենակարեւորը հումորի եւ էքշնի գրագետ համադրումն է. դրանք պետք է հավասար լինեն, այլապես արդեն կատակերգական մարտաֆիլմ չի ստացվի:
Արդյունքում ունենք ֆիլմ, որտեղ հավասարակշռված են ընտիր հումորը, ծեծկռտուքների տեսարանները, հետաքրքիր հնարքները եւ փոքր քանակությամբ հատուկ էֆեկտները: Այս ամենը թույլ է տվել իրավամբ ունիվերսալ ֆիլմ ստեղծել, որը խիստ տարբերվում է այս ժանրի այլ կինոնկարներից: Այն կարող է դիտել բացարձակապես բոլոր տարիքի հանդիսատեսը: «Պիկ ժամը» կհավանեն ե՛ւ կատակերգության, ե՛ւ մարտաֆիլմերի երկրպագուները, ե՛ւ նրանք, ովքեր ցանկանում են ժամանակը պարզապես ուրախ անցկացնել: