Ապրիլի 29-ին` ժամը 19:30, Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական The Swingles խմբի համերգով կմեկնարկի «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։
«Գրեմմի» հնգակի մրցանակակիր խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Խմբի առաջին երգիչները Շառլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:
Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայաց է երաժշտական գործունեության հիսունամյա պատմությանը: The Swingles–ի երգացանկն ընդգրկում է դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից երաժշտություն:
Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը խմբի տպավորիչ կարողությունն է:
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: