37-ամյա Էվանսը, որը հայտնի է իր քաղաքական հայացքներով ու քաղաքականությամբ հետաքրքրված լինելով, դրա մասին իր թվիթերյան էջում անընդհատ հրապարակումներ անելով, ստեղծել է քաղաքացիական ներգրավվածության այս կայքը, որպեսզի կարողանա օգնել մարդկանց ավելի հեշտ ընկալել քաղաքականության հետ կապված նորությունները և ճանաչել ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին:
Դերասանը հոլովակ-հայտարարություն է հրապարակել, որտեղ այցելել է Կոնգրես, զրուցել Կոնգրեսի անդամների հետ, հարցաշար ներկայացրել ու հարցազրույցներ արել նրանց հետ: Նա նաև առաջարկում է մյուս քաղաքական գործիչներին համագործակցել այս պրոեկտի շրջանակներում ու ներկայացնել, խոսել այն ամենի մասին, ինչն իրենց կարծիքով կարևոր է:
Դոնալդ Թրամփի քաղաքական հայացքներն ատող Քրիս Էվանսը շեշտում է.
«Ուզում եմ պարզ ասել, որ կայքն ընդհանրապես կապ չունի իմ քաղաքական հայացքների ու կարծիքի հետ: Այն իմ քաղաքական կարծիքի մասին չէ, այլ՝ ձեր: Սա հնարավորություն է քաղաքական գործիչների համար խոսել այն հարցերից, որոնք կարևոր են համարում»:
Էվանսը դեռևս չի հայտարարել, թե երբ կայքը պատրաստ կլինի ու կներկայացվի հանրությանը, բայց կարծիք կա, որ մոտ ապագայում արդեն Կապիտան Ամերիկան կկարողանա օգնել Ամերիկացիներին պատրաստվել 2020թ.-ի նախագահական ընտրություններին: