Հոլիվուդյան հայտնի դերասան, հումորիսոտ եւ պրոդյուսեր Էդի Մերֆին այսօր ապրիլի 3-ին, նշում է ծննդյան 58-ամյակը: Դերասանը «Ոսկե Գլոբուս»-ի դափնեկիր է:
Բացի ֆիլմերում նկարահանվելուց՝ Մերֆին նաեւ հնչունավորել է սիրված մուլտհերոսներից շատերին, որոնցից են, օրինակ, «Շրեկ» մուլտֆիլմի ավանակն ու «Մուլան» մուլտֆիլմի Մուշու վիշապը:
Դերասանի առանձնահատկություններից մեկն այն է, որ հաճախ միեւնույն ֆիլմում բացի գլխավոր հերոսից՝ նա մարմնավորում է նաեւ որոշ երկրորդական կերպարների:
Էդի Մերֆին բազմաժանր դերասան է, սակայն առավել հայտնի է իր մասնակցությամբ կատակերգություններով, որոնցից են, օրինակ, «Ճանապարհորդություն դեպի Ամերիկա», «Տեղերով փոխվել», «Ցնդած պրոֆեսորը», «Նորբիթ», «1000 բառ» եւ այլն:
NEWS.am STYLE-ը վերհիշել է դերասանի արտահայտած մտքերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք ընթերցել:
«Ես, պարզապես, անում եմ այն, ինչ ցանկանում եմ անել: Հակառակ դեպքում՝ կնստեի տանը ու կնվագեի իմ սիրելի կիթառը»:
«Խորհուրդ եմ տալիս երբեք չընդունել որեւէ մեկի խորհուրդը»:
«Երեխաների մեջ ամենից շատ սիրում եմ այն, որ նրանք անկեղծ արտահայտում են իրենց էմոցիաները: Երբ ցանկանում են լաց լինել, լացում են, իսկ երբ ժպտում են, ուրեմն լավ տրամադրություն ունեն»:
«Վերջին 20 տարիների ընթացքում, առհասարակ, թերթ չեմ կարդացել, ոչինչ չեմ նայել համակարգչով: Պետք է ֆիլտրես այն ինֆորմացիան, որը քո ներսով ես անցկացնում»:
«Ես այնպիսի դիրքում եմ, որ կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ եւ սովորաբար այդպես էլ անում եմ»:
«Երբ բեմ եմ բարձրանում, ուզում եմ միանգամից ամեն ինչ անել՝ երաժշտություն, կոմեդիա՝ ամեն ինչ, ինչը կապ ունի այս ասպարեզի հետ»:
«Մի ոլորտում, որտեղ հաջողությունը բացառություն է, ոչ թե կանոն, ես միշտ եղել եմ հաջողակ»:
«Երբ մեծանում ես, փոխվում ես: Հիմա ես զգում եմ, որ տարիների հետ ավելի մեղմ ու զուսպ եմ դառնում»:
«Ես այլեւս չեմ խաղում: Ես ինքս ինձ եմ ներկայացնում հանրության առաջ: Ես ցույց եմ տալիս իմ էությունը: Այսօրվա շոուն հենց դա է պահանջում»: