Արա Աբրահամյան. Հայաստանն այսօր սոցիալ-մշակութային ճգնաժամի մեջ է

Ռուսաստանի հայերի միությունն առաջիններից մեկն արձագանքեց Օպերայի և բալետի պետական թատրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին, հանդես գալով Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու դեմ: Պարզաբանումների համար Vesti.am-ը դիմեց ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին:

-Մենք աջակցություն և համերաշխություն ենք հայտնել Կոնստանտին Օրբելյանին: Նա ոչ միայն իր հռչակավոր ընտանիքի, այլև հայ ժողովրդի և մեր մշակույթի  արժանավոր ներկայացուցիչն է: Նրա կյանքի ճանապարհը օրինակ է այն բանի, որ արտասահմանում ծնված և մեծացած շատ հայեր երազում են վերադառնալ և իրենց ներուժը ներդնել ի բարօրություն Հայաստանի: Նրան պաշտոնից ազատելու փաստը վատ  նշան է և պատվաբեր չէ:

Բայց այս պատմության լայն արձագանք ստանալու պատճառը ոչ այնքան Մշակույթի նախարարության և Օրբելյանի ու օպերային թատրոնի կոնֆլիկտն է, կամ Օրբելյանի հայերեն չիմանալը: Խնդիրն ավելի լայն է և մարդիկ դա հասկանում են:

Հայաստանն այսօր սոցիալ-մշակութային ճգնաժամի մեջ է:

Չարության և անհանդուրժողականության մթոլորտը, մարդկանց միմյանց դեմ հրահրելով հասարակության բևեռացումը, մեր փոքրաթիվ ժողովրդին «յուրայինների» և «օտարների» բաժանումը ոչ միայն ջլատում է մեր ժողովրդի կենսական և հոգևոր ուժերը, աշխարհասփյուռ հայության միասնականությունը, այլև հայկական պետականության հիմքերը:

Մեր պատմության այս պատասխանատու ժամանակահատվածում անտեսելով շատ ավելի արդիական հարցեր, զբաղված ենք միմյանց թշնամիներ հայտարարելով, ուսանողներին ու դպրոցականներին կասկածելի խաղերում ներգրավելով, ամինաստ գաղափարներով քողարկում ենք աշխարհի և մեր տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից ծնված իրական սպառնալիքներն ու հիմնահարցերը: Ստացվում է, որ այսօր խոսում ենք ամեն ինչի մասին, բացի պետականության անվտանգությունից և ժողովրդի շահից:

Վստահ եմ, որ հեղափոխության էներգիան արժանի է ավելի լավ կիրառման և կարող է ծառայել արարմանը և ոչ թե ավերմանը: Այն պետք է ուղղել հասարակության խնդիրների լուծմանը: Երկրում, որտեղ բնակչության մեծ մասը աղքատության մեջ է ապրում, առաջնահերթ պետք է լինի մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, նրանց աշխատանքով ապահովելը և այլ նման խնդիրներ:

Մենք գիտենք, որ Կոնստանտին Օրբելյանը, անտեսելով մշակույթի և իր ղեկավարած թատրոնի ֆինանսավորման պարբերական անբավարարությունը, իր հեղինակության շնորհիվ հայթայթել է մեր մշակութային տաճարի պահպանման և գոյատևման համար արտաբյուջետային միջոցներ, ինչը նրան միայն պատիվ է բերում: Փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների վրա ժամանակ և միջոցներ վատնելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ հետևել նրա դրական օրինակին և, անկախ քաղաքական կոնյուկտուրայից, ուժերի ներածի չափով օժանդակել Հայաստանին: Հարցը միայն նյութականի մասին չէ, մեր օրերում բարի խոսքն ու դրական էներգիան պակաս կարևոր չեն, քան փողը:

Եկեք սիրենք և գնահատենք յուրաքանչյուր հայի, նույնիսկ եթե նա ինչոր հարցում թերացել կամ սխալ է  վարվել: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ուղիղ և բաց երկխոսություն համաշխարհային հայկական հանրության բոլոր հատվածների միջև

Comments (0)
Add Comment