Նուռն օժտված է օգտակար ու կազդուրիչ հատկությունների լայն շրջանակով, սակայն պարզվում է, որ նույնիսկ իր մեջ բազմաթիվ վիտամիններ ու հակաօքսիդանտներ պարունակող այս հիասքանչ մթերքը կարող է դրսևորել առողջության համար վնասակար հատկություններ։
Այս մասին գրում է zdorovje.postimees.ee կայքը։
Մասնագետները պատմել են նռան օգտագործման հետ կապված կողմնակի վնասակար ազդեցությունների մասին։
Նուռը փոխգործակցում է դեղերի հետ։ Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականների հետազոտությունները վկայում են, որ նուռն ունակ է անջատել դեղերի՝ մետաբոլիզմի համար կարևոր ֆերմենտի գործողությունը։ Բացի դրանից, նռան մեջ պարունակվող նյութերը կարող են դեղերի բաղադրիչների հետ միացություններ կազմել, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Մասնավորապես, նուռը փոխազդում է այնպիսի դեղերի հետ, ինչպիսիք են ամիտրիպտիլինը (ամիզոլ, էլավիլ), դեզիպրամինը (նորպրամին), ֆլուոքսետինը (պրոզակ), օնդանսետրոնը (զոֆրան), տրամադոլը (ուլտրամ), ռոզուվաստատինը (կրեստոր)։
Հայտնի է նաև նռան՝ արյան զարկերակային բարձր ճնշումն իջեցնող դեղամիջոցների հետ շփման մեջ մտնելու ունակությունը։ Դեղամիջոցներ ընդունող մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ, նախքան նուռ ու նռան հյութ օգտագործելը։
Նուռն իջեցնում է արտերիալ ճնշման մակարդակը։ Առաջին հայացքից նռան այդ հատկությունն առավելություն է, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ այդ իջեցումը չափազանց էական կարող է լինել, ու դա կվնասի առողջությանը։
Արյան ցածր ճնշում ունեցող կամ ճնշումն իջեցնող դեղամիջոցներ ընդունող մարդիկ շատ զգուշորեն պետք է նուռ օգտագործեն։ Նուռ ուտելուց պետք է խուսափեն նաև նրանք, ում առաջիկայում վիրահատություն է սպասվում։
Նուռը նաև ալերգիա է սադրում։ Գիտնականներն ասում են, որ նռից ալերգիաները հազվադեպ են պատահում։ Բայց նրանց մոտ, ում բախտը չի բերել, նուռը կարող է քոր հարուցել, այտուցներ, ստամոքսի ցավ ու եղնջացան, շնչահատություն, հևոց ու շնչառական այլ խնդիրներ։
Հղի կանանց ու կերակրող մայրերին մասնագետները խորհուրդ են տալիս ռիսկի չդիմել ու հրաժարվել՝ ինչպես նուռ ուտելուց, այնպես էլ՝ նռան հյութ խմելուց։ Նրանք նշում են, որ նռան ալերգեն անվտանգության խնդիրը բավարար չափով ուսումնասիրված չի։