Թաթայի պրոդյուսերը, թե՞ Ստեփան Զաքարյանը․ Գրիգորյանի ու Ջաղինյանի նոր պլանը

Մարտի 4-ին նշանակված են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրությունները: Ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի. նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ, որի ակնհայտ դրսևորումը նախորդ օրը Ջաղինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ձայնագրման ստուդիա բացելու արարողությունն էր: Հիմա էլ Ջաղինյանը փորձում է ՀՌԱՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնում իր «մարդուն» տեղավորել։

Irakanum.am-ին ՀՌԱՀ-ի խորհրդի նախագահի ընտրությունների վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես մրցույթի կազմակերպիչը ՀՌԱՀ-ի խորհուրդն է, որի անդամը Ստեփան Զաքարյանն է։ Վերջինս Ջաղինյանի տեղակալն է։ Զաքարյանը եւս իր թեկնածությունն առաջադրել է։ Օրենքը չի արգելում Զաքարյանին առաջադրել իր թեկնածությունը։ Սակայն զավեշտը կայանում է նրանում, որ Զաքարյանին պետք է ընտրեն նույն այն խորհրդի անդամները, որի անդամ հանդիսանում է նաեւ ինքը։ Այլ կերպ ասած Զաքարյանը կազմակերպում է մի գործընթաց, որին ինքը եւս մասնակցում է։ Խորհրդի մյուս անդամները եւս Ռուբեն Ջաղինյանի մերձավոր շրջապատից են։ Ստեփան Զաքարյանը Հանրային ռադիոյից բացի զուգահեռ նաեւ Հ1-ում է սկսել հաղորդում վարել։ Օրենքը թույլ է տալիս Զաքարյանին կատարել այդ աշխատանքը միայն կամավորության սկզբունքով, սակայն Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով նրան Հանրայինից վարձատրում են։ Փողն իհարկե այլ անձի հաշվին է նստում։

Որպես ՀՌԱՀ-ի խորհրդի նախագահի նախընտրելի թեկնածու դիտարկվում է նաեւ Գրիգոր Նազարյանը։ Վերջինս Թաթայի պրոդյուսերն է։ Մշտապես հանդիսացել է Ջաղինյանի մտերիմը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Թաթայի պրոդյուսերը արդեն իսկ տեղավորվել է Հանրային ռադիոյում։ Նրա համար աշխատասենյակ են առանձնացրել։ Վերջինս ռադիոյի աշխատակից չէ, բայց հաճախ են աշխատակիցները նրան այնտեղ տեսնում։

Մենք առաջիկայում կփորձենք պարզաբանում ստանալ Գրիգոր Նազարյանից եւ Ստեփան Զաքարյանից։ Սակայն ակնհայտ է, որ Հանրայինում իրավիճակ այդպես էլ չի փոխվել, քանի դեռ Ջաղինյանն ու Մարգարիտա Գրիգորյանը հանդիսանում են այնտեղ հարց լուծողներ։

Irakanum.am

Comments (0)
Add Comment