A.L.I. Technologies ճապոնական վենչուրային ընկերությունը մտադիր Է մինչեւ 2022 թվականն սկսել թռչող մոտոցիկլետների զանգվածային վաճառքը, որոնք կկարողանան սավառնել երկրից մի քանի տասնյակ սանտիմետր բարձրության վրա: Այդ մասին, ինչպես հայտնել Է The Japan Times թերթը, Տոկիոյում լրագրողներին ասել Է ֆիրմայի ղեկավար Սյուհեյ Կոմացուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ներկայում ընկերությունն զբաղվում Է ոչ մեծ չափերի տարատեսակ դրոնների թողարկմամբ: Սակայն նա կարծում Է, որ իրեն մեծ շահույթ Է խոստանում թռչող մոտոցիկլետների մշակումն ու վաճառքը:
Ֆիրմայի փորձագետների տվյալների համաձայն՝ աշխարհում այժմ դրանով ոչ ոք լրջորեն չի զբաղվում, քանի որ հիմնական մրցակցային ճակատամարտերն ընթանում են թռչող ավտոմեքենաների ոլորտում: Ընկերությունը մշակումներում մտադիր Է կիրառել անօդաչուների տեխնոլոգիաներում իր ունեցած ձեռքբերումները: Նախատեսվում Է թռչող մոտոցիկլետը հանդերձել նաեւ սենսորների համակարգով, ինչը թույլ կտա խուսափել բախումներից եւ շրջանցել խոչընդոտները: Ընկերությունը հույս ունի, որ իրացման հիմնական շուկան ինքը կգտնի Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայի առանձին շրջաններում, որտեղ այնքան Էլ զարգացած չԷ ճանապարհային ենթակառուցվածքը: Այդուհանդերձ, նա հույս ունի նաեւ, որ թռչող մոտոցիկլետները կգնեն նաեւ զարգացած երկրներում՝ ուրախ ժամանցի եւ, հնարավոր Է, նոր մարզաձեւերում օգտագործելու համար: Մոտավորապես 2020 թվականին ընկերությունը խոստանում Է ներկայացնել մոտոցիկլետի նախատիպը, որը մասնակիորեն վաճառքի կհանվի պատվերներով: Թռչող մոտոցիկլետի նախնական հայտերն ընդունվելու են արդեն մայիսին: Գինն առայժմ որոշված չԷ: Ընկերության փորձագետների գնահատումներով՝ թռչող մոտոցիկլետը զանգվածային արտադրության դեպքում կարժենա մոտավորապես այնքան, որքան միկրոավտոբուսը: Մինչդեռ Ճապոնիայում նման սարքերի օգտագործման համար կպահանջվի դժվարին բանակցություններ վարել ոստիկանության եւ իշխանությունների հետ, քանի որ երկրում դեռեւս չեն մշակվել մոտոցիկլետների թռիչքները կարգավորող կանոններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: