Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Օպերայի հարակից տարածքներում պետք է վերակառուցվի նախկին այգին։ Այս որոշման և այգու կառուցման սպասվող դժվարությունների մասին ԼՈՒՐԵՐ․ com -ը զրուցել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։
— Կո՞ղմ եք Օպերայի շրջակա տարածքները կանաչապատ գոտիներ դարձնելու՝ քաղաքապետարանի որոշման հետ։
Իհարկե, ես՝ որպես բնապահպան, կողմ եմ, որ Երևանում կանաչապատ տարածքները շատ լինեն։ Բայց Երևանում կան ավելի մեծ բնապահպանական խնդիրներ, որոնց լուծումը ավելի հրատապ է։ Օրինակ ՝ աղբահանության խնդիրը։ Երևանի շատ տարածքներ ավելի հեշտությամբ կարելի է դարձնել այգի կամ կանաչապատ գոտի, քան Օպերայի տարածքը։ Ըստ իս, քաղաքի կանաչապատման աշխատանքները պետք էր սկսել այլ տարածքներից, որտեղ չկան ապամոնտաժման կամ ուրիշ խնդիրներ։ Այս հարցին կարելի էր անդրադառնալ 2 տարի հետո։
Եթե հարցին նայեմ որպես քաղաքացի, ապա կասեմ, որ դեմ եմ որոշմանը։ Որքան էլ մենք հասկանում ենք, որ սրճարաները ապօրինի կերպով են հայտնվել այդ տարածքում, բայց պետք է գիտակցեք, որ դրանց սեփականատերերը մեծ ներդրումներ են արել։ Որպես քաղաքացի` կարծում եմ ՝ պետք է այդ ներդրումները վերադարձվեին։ Բացի այդ, մի քանի տասնյակ մարդկանց սպառնում է գործազրկության վտանգը։ Այս պահին ճիշտ չեմ համարում այդ որոշումը։ Այս հարցը միայն քանդելով չի սահմանափակվում։ Մի անգամ էլ եմ շեշտում, որ ես՝ որպես բնապահպան, կողմ եմ կանաչապատմանը, բայց մենք ունենք նաև սոցիալական խնդիրներ և պետք է հաշվի նստենք նաև դրանց հետ։
Հնարավո՞ր է վերակառուցել նախկինի նման այգի, և ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ։
— Սոցիալական տարբեր հարթակներում այսօր տարածում էին նախկին այգու լուսանկարները, բայց մենք պետք է գիտակցենք, որ դրա վերականգնումը տարիների հարց է, և երկրորդ՝ անչափ բարդ։ Այգի ստեղծելու համար մեծ ռեսուրսներ են պետք, հատուկ մշակված ծրագրեր, ջրային համակարգ, խիստ հետևողական խնամք և այլն, և այլն։ Արդյո՞ք քաղաքապետարանը կարող է ապահովել այդ ամենը։ Ինչպես ես հասկացա, այդտեղ տնկվելու են այնպիսի ծառեր, որոնք շատ արագ են աճելու։ Նախ` այդ ծառերը չեն համապատասխանում մեր կլիմայական պայմաններին և երկրորդ՝ դա կլինի ուղղակի ինքնախաբեություն։ Այդ ամենը չի նշանակի, որ մենք վերականգնել ենք նախկին այգին։ Ինչպես ես եմ հասկանում, անգամ որոշված չի, թե ինչ ծառատեսակներ են տնկվելու։ Մենք ունե՞նք դրանք մշակելու հմտություններ։ Արդյո՞ք գիտեն, թե նախկինում ինչ ծառատեսակներ են եղել։ Շատ տվյալններ կան, որ բուսաբանները կարող են ասել։ Ես մի քիչ կասկածներ ունեմ, որ հնարավոր չի լինելու նախկին այգին վերականգնել։ Պետք է նաև հողի վերին շերտը փոխվի։ Ժողովրդի մի մասը ոգևորված է, բայց հստակ պետք է պատկերացնել, որ դրա համար տարիներ են պետք։ Մենք ունենք օրինակներ, որ փորձել են այգի կառուցել, բայց չի ստացվել։ Պատճառն այն է, որ ճիշտ ձևով չի տնկվել և մշակվել։ Մտավախություն կա, որ այդ ամենը սպառնալու է նաև այս տարածքին։ Ես կասկածներ ունեմ, որ հնարավոր չի լինելու հասնել այդ նպատակին։ Իմ կարծիքով՝ խնդիրների լուծումը ուղղակի սխալ տեղից են սկսում, Երևանում ավելի լուրջ խնդիրներ կան։ Ես կողմ չեմ, որ այս պրոցեսը սկսվեր հենց այս տարածքից և հիմա։