Երգի պետական թատրոնի լուծարման հարցը կասեցված է, այս մասին Tert.am Life-ին հայտնեց թատրոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
«Զագահարել են թատրոնի տնօրենին և ասել, որ այդ հարցը կասեցված է»,- նշեց նա։
Արթուր Գրիգորյանը նկատեց, որ զարմացած է, որ մինչև հիմա ինչու իրեն պաշտոնապես չեն ծանուցել թատրոնը լուծարելու որոշման մասին․ «Ոչ ոք չի զանգել ինձ ասելու, որ այսպիսի բան կա։ Այ դա է ինձ զարմացրել, ո՞նց կարելի է»։
Հարցին` արդյոք որոշումը կասեցնելուն նպաստել է համացանցում այս թեմայով սկիզբ առած քննադատությունը բազմաթիվ հայտնի մարդկանց կողմից, Արթուր Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկերացրեք, ես համացանցից բան չեմ հասկանում։ Աղջիկս`Մանեն, զանգեց, կարդաց, ինչեր են գրել երգիչները։ Այդպես էլ պետք է լիներ, սա իրենց տունն է եղել, այստեղ են մեծացել»։
Հիշեցնենք, որ նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ և վերակազմակերպել: Նազենի Ղարիբյանը հաստատել է տեղեկատվությունը և նշել, որ այն մարտի 5-ին ներկայացվելու է կառավարության հաստատմանը: