Թեյլոր Սվիֆթի եւ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի վաղեմի թշնամությունը կարծես կրկին սարերի ետեում չէ։ Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ «Գրեմմի 2009» մրցանակաբաշխության ընթացքում Քանյե Ուեսթն ընդհատեց երգչուհուն ելույթը, երբ վերջինս մրցանակ էր ստանում You Belong With Me տեսահոլովակի համար եւ հայտարարեց, որ մրցանակը պետք է ստանար Բեյոնսեն, ով ավելի արժանի է դրան։
Այդ ժամանակվանից սկսած ռեփերը բազմաթիվ անգամներ սկանդալներ է բարձրացրել արտիստի հետ, իսկ Քիմը նրա կողմից էր։ 2016թ.-ին, օրինակ, Ուեսթը թողարկեց Famous «մերկ» տեսահոլովակը, որում Սվիթֆին «քած» անվանեց։ Ավելի ուշ Քիմ Քարդաշյանը Snapchat-ում հրապարակեց ռեփերի եւ երգչուհու խոսակցությունը, որում վերջինս հավանություն է տալիս այդ բառերին։
Վերջերս Քիմի եւ Թեյլորի երկրպագուները եզրահանգում էին արել, որ բոլոր վեճերն անցյալում են. Քիմը Snapchat-ում տեսանյութ տեղադրեց, որում ցուցադրեց իր դիմահարդարումը։ Հոլովակում հնչում էր Սվիֆթի «Delicate» երգը։ Սակայն Elle ամսագրին տված նոր հարցազրույցում երգչուհին հայտարարել է. «Մի քանի տարի առաջ ինչ-որ մեկն իմ դեմ ատելության արշավ սկսեց համացանցում՝ ինձ օձ անվանելով։
Փաստը, որ դրա հետ այդքան շատ մարդ համաձայնեց, ինձ ստիպեց նվաստացած զգալ… Վատ չէր լինի, եթե ես ներողություն լսեի մարդկանցից, ովքեր ծաղրել են ինձ։ Բայց հնարավոր է, ամենն, ինչ ես երբեւէ կստանամ, բավականություն է այն հանգամանքից, որ կարող եմ ապրել եւ ծաղկել՝ անկախ որեւէ բանից».
Թեյլորի երկրպագուները վստահ են՝ խոսքերն ուղղված են Քիմին։