«Ախպերս ու ես» երգը գրվել է 1993 թվականին, Մարտունու մերձակայքի կատաղի մարտից անմիջապես առաջ՝ խրամատում

Քչերին է հայտնի, որ «Ախպերս ու ես» սիրված հայրենասիրական երգը գրվել է 1990-ականներին՝ Արցախյան գոյամարտի թեժ տարիներին՝ հենց խրամատում:

Երգի հեղինակը Արցախյան ազատամարտի մասնակից գուսան Տոտիկն է՝ Աշոտ Բեգոյանը, ով երգը գրել է 1993 թվականին, Ղարաբաղի Մարտունու շրջանում՝ կատաղի մարտերից մեկից առաջ՝ Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ: Հեղինակը երգը նվիրել է իր մարտակից ընկերներին, ում հետ միասին, նույն ջոկատի՝«Արծիվ 28»-ի կազմում թշնամուն հետ շպրտելու համար կյանքի ու մահու պայքար էին մղում:

Գուսան Տոտիկը երգը նվիրել է ազատամարտիկ երկու եղբայրների՝ «Արծիվ 28» ջոկատի հրամանատար Ռոլանդ Քելեշյանին և շտաբի պետ Ռոմիկ Մխիթարյանին: Այս մասին մեզ նախնական տեղեկություններ հաղորդեցին «Հայ Զինվոր» պարբերականի գլխավոր խմբագիր Էդվարդ Ոսկանյանն ու մայոր Գնել Շահնազարյանը, ով տարիներ առաջ «Հայ Զինվոր» պարբերականի էջերում փոքրիկ ակնարկով անդրադարձ էր կատարել երգի ստեղծման պատմությանը:

Ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը 1990-ականներին:

Այս օրերին 168.am-ը փորձում էր գտնել և կապ հաստատել երգի իրական հասցեատերերի՝ ազատամարտիկ եղբայրներ Ռոլանդ Քելեշյանի և Ռոմիկ Մխիթարյանի հետ, սակայն, ցավոք, մեզ դա չհաջողվեց: Մեր փնտրտուքները՝ գտնելու երգի հերոսներին, պարզեցին հետևյալը. Ռոլանդ Քելեշյանն այս օրերին ծանր հիվանդության դեմ պայքարում է հայրենիքից հեռու՝ Ֆրանսիայում, իսկ Ռոմիկ Մխիթարյանը, ինչպես տարիներ առաջ, այս օրերին նույնպես առաջնագծում է: Ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրերից ազատամարտիկն իր կամավորական ջոկատի՝ «Արծիվ 28»-ի հետ միասին, շտապել է առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքի վտանգված սահմանները:

«Արծիվ 28» կամավորական ջոկատի հրամանատար Ռոլանդ Քելեշյանը:

Ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը (աջից), ով այս օրերին կամավորական «Արծիվ 28» ջոկատի հետ առաջնագծում է:

Այս մասին մեզ հեռախոսազրույցի ընթացքում պատմեց «Արծիվ 28» ջոկատի հրամանատար Ռոլանդ Քելեշյանի որդին՝ Արթուր Քելեշյանը, ով, ինչպես պարզվեց մեր զրույցի ընթացքում, նույնպես զինվորական է՝ կոչումով կապիտան, և այս օրերին գտնվում է ծառայության մեջ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբում:

Չնայած վերջին շաբաթների գերզբաղված զինվորական օրակարգին, Արթուրը, այնուամենայնիվ, սիրով ժամանակ գտավ մեզ ներկայացնելու երգի ստեղծման ողջ պատմությունը:

«Հայրս՝ Ռոլանդ Քելեշյանը, ու հորեղբայրս՝ Ռոմիկ Մխիթարյանը, 1992-94թթ. ընդգրկված էին «Արծիվ 28» կամավորական ջոկատում՝ հայրս՝ որպես ջոկատի հրամանատար, հորեղբայրս՝ շտաբի պետ: Գուսան Տոտիկն այս երգը գրել է 1993 թվականին: Նա ևս այդ տարիներին առաջնագծում էր՝ «Արծիվ 28» ջոկատի կազմում:

Գուսան Տոտիկը:

Երգը գրվել է Մարտակերտի Հակոբ Կամարի գյուղի ազատագրումից անմիջապես առաջ, եթե չեմ սխալվում՝ հենց խրամատում: Երգի մեջ հենց այդպիսի տող կա, չէ՞, «Մռայլ գիշեր է, նստած ենք փոսում…»: Ի սկզբանե, այս երգը գրվել է՝ որպես ոգեշնչող, մարտից առաջ երգվող քայլերթ: Երգի ստեղծման միտքը Տոտիկի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ ծանոթացել է միևնույն տանից առաջնագիծ մեկնած երկու եղբայրների՝ հորս և հորեղբորս հետ»,- պատմեց Արթուր Քելեշյանը:

ԼՂՀ ՊՆ-ն ազատամարտիկ Ռոլանդ Քելեշյանին պարգևատում են Առաջին աստիճանի Մարտական ծառայության մեդալով, որը ստանում է եղբայրը՝ Շենգավիթի ԵԿՄ վարչության նախագահ, ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ երգի նպատակն ի սկզբանե եղել է ռազմից առաջ զինվորներին ոգեշնչելու գաղափարը:

«Հիմա շատ տարբեր ձևերով են այս երգը ներկայացնում ու երգում, կան նաև երգի լացակումած տարբերակներ, բայց իրականում այս երգի առաքելությունը դա չի եղել: Ինձ թվում է՝ այս երգի իրական էությունը կարողացել է փոխանցել միայն հեղինակը՝ գուսան Տոտիկն իր կատարումով, որը, ցավոք, ես որևէ կերպ չեմ կարողանում գտնեմ, միգուցե չի պահպանվել: Փոխարենը՝ կուզենայի, որ դուք լսեիք դա հորեղբորս՝ Ռոմիկ Մխիթարյանի կատարմամբ, որն ավելի մոտ է երգի բուն էությանը, հենց այնպես, ինչպես որ այն գրվել է: Միգուցե պատճառն այն է, որ այդ երգը հենց իր ու հորս համար էլ գրվել է…»,- կեսկատակ ասաց Արթուր Քելեշյանը:

Ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը «Արծիվ 28» ջոկատի տղաներից մեկի հետ:

Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ երգը մեծ հուզմունքով է ընդունել նաև ազատամարտիկների մայրը. «Լինելով երգչուհի՝ հատկապես շատ դրական է արձագանքել որդիների պատվին ձոնված այս երգին, ընդհուպ՝ մինչև այն, որ ինքն էլ հաճախ երգել է՝ որդիներին մարտի դաշտ ճանապարհելուց առաջ»:

«Արծիվ 28» կամավորական ջոկատ:

Մայոր Գնել Շահնազարյանը երգի ստեղծման մասին «Հայ Զինվոր» կայքում կարճ գրառում է կատարել՝ վկայակոչելով երգի հերոսներից մեկի խոսքը. ««Ախպերս ու ես» երգը շատ է կատարվել, սակայն անկրկնելի և անմոռանալի է առաջին կատարումը՝ Հակոբ Կամարի գյուղի Լուլասարի բարձունքից։ Այս երգի ստեղծումից հետո արդեն, երբ պատրաստվում էինք ռազմի դաշտ մեկնել, փաթաթվում էինք մայրիկին ու երգում.

– Մամ ջան, չտխրես, շատ չմտածես:
Մայրս մեզ հետ երգում էր ու վերջին տողը փոխում էր այսպես՝
– Պատվով հետ կգանք, ախպերս ու ես…

Մայրս շատ էր սիրում այս երգը։ Ասեմ, որ մեր ընտանիքում բոլորս էլ կապված ենք արվեստի հետ։ Երեք եղբայրս էլ ունենք երաժշտական կրթություն։ Լենա մայրս եղել է պարուհի, արվեստի նվիրյալ, 25 տարի աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի համույթում։ Հաճախ էինք լսում մայրիկիս մեղմ ու անուշ ձայնը, երբ մտքերի գիրկն ընկած, ասես ինքն իր համար, երգում էր.

Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ, ախպերս ու ես…»:

«Ախպերս ու ես» երգը՝ ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանի կատարմամբ (երգի հեղինակը ՝ գուսան Տոտիկը, այն նվիրել է ազատամարտիկ եղբայրներ՝ Ռոմիկ Մխիթարյանին և Ռոլանդ Քելեշյանին):

«Ախպերս ու ես» երգի ժամանակակից կատարումը, երգում է Սևակ Ամրոյանը:

Նյութի պատրաստմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:

Comments (0)
Add Comment