Լիլիթ Հովհաննիսյանի Dream շրջագայության երեւանյան համերգի վրա աշխատում է 1000-ից ավելի մարդ

Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայության երեւանյան համերգի վրա աշխատում է պրոֆեսիոնալ մեծ թիմ: Բեմում գտնվող ու ելույթ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ սպասարկող անձնակազմի թիվն անցնում է 1000-ը:

Հիշեցնենք, որ երգչուհու Dream World Tour-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:

Լիլիթ Հովհաննիսյանը հանդիսատեսին է ներկայացնելու միջազգային չափանիշներին համապատասխան համերգ: Մասնավորապես, միայն բեմում շոուի ծրագրին մասնակցողների թիվն անցնում է մի քանի հարյուրը, ինչն աննախադեպ է հայաստանյան շոուբիզնեսի իրականության մեջ: Լիլիթ Հովհաննիսյանի ելույթների ընթացքում հանդես են գալու լավագույն պարային խմբերը, որոնք միավորվելու են մեկ գաղափարի շուրջ:

Ստեղծվելու է հայաստանյան իրականության մեջ բացառիկ մեծամասշտաբ բեմ: Նման բան Կ. Դեմիրճյանի անվան համալիրում չի եղել անգամ 2011 թվականի «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ: Կլինեն նաեւ աննախադեպ լուսային ու ձայնային էֆեկտներ:

Լիլիթ Հովհաննիսյանը ներկայանալու է իրեն բնորոշ յուրահատուկ եւ էքսկլյուզիվ բեմական հագուստներով: Լիլիթը զբաղվել է իր եւ մասնակից բոլոր արտիստների հագուստների դիզայնով: Համերգը սպասարկելու են հանրապետության լավագույն դիմահարդարներն ու վարսահարդարները:

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում:

 

Նշենք, որ Dream World Tour-ի բոլոր համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը:

Տեղեկացնենք, որ երեւանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35.000 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Comments (0)
Add Comment