«Օսկար» մրցանակաբաշխությունն արդեն անցյալում է, սակայն այս տարվա հաղթողների քննարկումը դեռեւս լայնորեն շարունակվում է համացանցում: Երկրպագուները շարունակում են նաեւ քննարկել եւ հիանալ իրենց սիրելի աստղերի կերպարներով. Չէ՞որ նրանք այդքան երկար պատրաստվում են նման մեծամասշտաբ միջոցառումներին, որտեղ պետք է ամբողջ հմայքով ներկայանան հանրությանը: Եվ որքան հաճելի է, երբ համաշխարհային աստղերն իրենց ամենապատասխանատու օրերի look-երը վստահում են հայ դիզայներներին:
Այո, այո, «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում եւս փայլեց հայկական ձեռագիրը: Ամերիկահայ դիզայներ Մարիաննա Հարությունյանի հետեւորդները նրա ոճը հաստատ չեն շփոթի մեկ այլ դիզայների ոճի հետ: Մարիաննայի զարդերն արդեն փայլել են համաշխարհային տարբեր աստղերի look-երում՝ Բեյոնսե, Գվեն Ստեֆանի, Ջենիֆեր Լոպես, Կարա Դելեւին, Նիկի Մինաժ, Փինք, Լեդի Գագա եւ այլ դիվաներ, որոնք բառի բուն իմաստով միշտ փայլել են Մարիաննայի շնորհիվ: Այսպիսով՝ «Օսկար»-ին այդ փայլը եւս մեկ անգամ ցուցադրեց երգչուհի Մադոննան՝ կրելով Մարիաննայի հեղինակած ոսկյա գլխազարդը, որը պատրաստված էր բյուրեղյա քարերից: Փոփ-թագուհին, ի դեպ, Մարիաննային դիմել է միջոցառումից ընդամենը ժամեր առաջ:
Հայ դիզայները NEWS.am STYLE-ին պատմել է՝ ինչպես է կարողացել ընդամենը 12 ժամում գլուխ բերել աստղային առաջարկն ու ապահովել Մադոննայի փայլուն տեսքը:
Մարիաննան առաջին անգամ չէ, որ համագործակցում է համաշխարհային աստղի հետ: Նա Մադոննայի համար հեղինակել է զարդեր նաեւ երգչուհու համերգային շոուների ժամանակ:
«Նրա հետ աշխատելն, իսկապես, երազանք է: Նա այնպիսի կուռք է… Իսկապես, մեծագույն պատիվ էր իմանալը, որ նա ցանկություն էր հայտնել, որ հենց ես ստեղծեմ իր համար որեւիցե զարդ այդ երեկոյի համար»:
Բայց կյանքում, իհարկե, ոչինչ հեշտ չի տրվում: Ժամանակի սղության պատճառով Մարիաննան ստիպված է եղել մի ամբողջ գիշեր անցկացնել արթուն, որպեսզի հուսխաբ չանի փոփ դիվային.
«Շաբաթ օր էր, արդեն ժամը 5-ն էր, ու ես պատրաստվում էի լքել աշխատասենյակս, երբ ինձ զանգահարեց նրա ոճաբանը՝ Բեա Ակերլանդը, որին ես շատ եմ սիրում: Եվ նա ինձ պարզապես խնդրեց, որ որեւէ գեղեցիկ զարդ պատրաստեմ կիրակի օրվա մրցանակաբաշխության համար, եթե, իհարկե, կհասցնեմ դա անել, իսկ քանի որ իմ համար առաջին սկզբունքն է ասել «Այո», հետո միայն սկսել անհանգստանալ, ես միանգամից համաձայնվեցի (ծիծաղում է): Ես հավաքեցի բոլոր նյութերս եւ ճանապարհվեցի տուն, որտեղ մի ամբողջ գիշեր պետք է աշխատեի: Նա ցանկանում էր մարոկյան ոճի մի գլխազարդ, այդպիսով՝ ես այն պատրաստեցի ոսկուց եւ մաքուր բյուրեղներից»
Որքան էլ, որ ծանր էր եւ պատասխանատու այդ աշխատանքը, Մադոննային իր զարդով տեսնելը լավագույն փոխհատուցումն է եղել հայ դիզայների համար.
«Հրաշալի զգացողություններ ունեմ: Սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ, եւ հաճելի է տեսնել, որ շատ արտիստներ արդեն ճանաչում են ինձ, իմ ձեռագիրը եւ ցանկանում, որ զարդեր պատրաստեմ իրենց համար: Անհավանական է: Սա, իսկապես, իմ երազանքն էր, որը կատարվել է»:
Այս օրերին Մարիաննան շարունակում է նույն ոգով եւ նվիրվածությամբ աշխատել՝ սպասելով իր հաջորդ աստղային համագործակցությանը.
«Հիմա աշխատում եմ մի քանի հավաքածուների շուրջ՝ համագործակցելով մի քանի հաճախորդների հետ, եւ, իհարկե, անհամբերությամբ եմ սպասում հաջորդ աստղային համագործակցությանս, որը կրկին կլինի կարեւոր իրադարձությունից մեկ օր առաջ (ծիծաղում է): Այս պահին նաեւ մի քանի բան եմ պատրաստում մի կատակերգուի համար, նրա անունը Kway է: Նա արդեն հասցրել է իմ աշխատանքը ներկայացնել Ջանեթ Ջեքսոնին: Տեսնենք՝ ինչ կստացվի»:
Աղբյուրը ՝ News.am