Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ ֆեյսբուքյան տիրույթում վերջին շրջանում նկատելի է դարձել, որ ինչ-որ կազմակերպություններ փորձում են մամուլի մասին օրենքի մեջ ինչ-որ փոփոխություններ առաջարկել, փաթեթ են պատրաստում: «Որևէ հասարակական կազմակերպությունում, առավել ևս ՀԿ-ում ներգրավված մարդիկ, ովքեր կյանքում մի հոդված անգամ չեն գրել, չեն կարող նստել իրենց գրասենյակներում ու օրենքներ մոգոնել և ասել, որ մեդիաները դրանցով պետք է աշխատեն: Ես նկատում եմ, որ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, այսինքն` մեդիաների գլխին նոր ամպրոպ է պայթելու»,-ասաց նա և նշեց, որ այս վտանգը զգալով՝ շաբաթ օրը խմբագիրների հետ հանդիպում են կազմակերպել` քննարկելու առկա խնդիրները:
Սաթիկ Սեյրանյանը նշեց նաև, որ մեկ տարուց ավելի է, ինչ միության նախագահն է և ոտք չի դրել աշխատասենյակ, որովհետև այդ շենքում պարզապես աշխատելու խայտառակ պայմաններ են: «Միությունն արդեն քրեական գործեր է հարուցել՝ որոշ պայմանագրեր լուծարելու հետ կապված, որովհետև խայտառակ պայմաններով մինչև 2080 թվականը կոպեկներով պայմանագրեր են կնքվել ինչ-որ անհատների հետ, իսկ գույքահարկը և համայնատիրության վճարները թողնվել են միության վրա, քաղաքի այդ հատվածում էլ գույքահարկը բավականին բարձր է»,-ասաց նա և նշեց, որ տարիներ շարունակ ստեղծագործական միությունները դիմել են ավագանուն և գույքահարկը ներվել է:
«Դեռևս անցած տարի գրություն ներկայացրինք քաղաքապետարան, որ ներեն գույքահարկը, ինչպես որ արվել է, այնուհետև դատարանով լուծենք պայմանագրերը, միությունը բավականին եկամուտներ կունենա և կկարողանա այդ ծախսերը հոգալ ու մեդիա կազմակերպություններին աջակցել:
Հիմա ավագանին ո´չ նիստի է դրել այդ հարցը, ո´չ անդրադարձել է և իրենց ուշացման պատճառով միությունը տույժ ու տուգանքների տակ է»,-ասաց նա:
Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ փորձել է կապ հաստատել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն արձագանք չի եղել: «Ես չեմ դիմել Հայկ Մարությանին, և չի զանգել իրեն Սաթիկ Սեյրանյան անձը կամ խմբագիրը, տվյալ կառույցի ղեկավարը դիմել է տվյալ կառույցին: Սաթիկ Սեյրանյանը լինի, չլինի, սա Հայաստանի ժուռանալիստների միությունն է»,-ասաց նա և նշեց, որ փորձել է այս ասուլիսից առաջ խմբագիրների և քաղաքապետի հանդիպումը կազմակերպել, որ չասեն՝ մեդիան աղմուկ է բարձրացնում, քանի որ կողմնակից է խնդիրը լուծելուն: