Միսս Աշխարհ 2019 մրցույթն այս տարի կանցկացվի Թաիլանդում: «Միսս Արմենիա» հիմնադրամը, ունենալով Միսս Աշխարհին մասնակցելու իրավունքը, շուտով կմեկնարկի «Միսս Աշխարհ Արմենիա 2019» ազգային գեղեցկության մրցույթը, որի հաղթողը կմասնակցի Թաիլանդում Միսս Աշխարհի մեկամսյա գեղեցկության փառատոնին:
Armdaily.am-ի հետ զրույցում «Միսս Արմենիա» ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանն ասաց, որ այ տարի կազմակերպվելու են երկու փոքր միջոցառումներ՝ «Միսս Աշխարհ Արմենիա» և «Միսս Տիեզերք Արմենիա»: «Երկու մրցույթների պահանջները տարբեր են և աղջիկների տարիքային սահմանափակումներն էլ են տարբեր: Օրինակ «Միսս Արմենիա»-ին կարող են սփյուռքից էլ մասնակիցներ լինել, իսկ «Միսս Տիեզերքին»-ին միայն Հայաստանում մշտական բնակություն ունեցող աղջիկները»,- ասաց Գոհար Հարությունյանը: Հայաստանի ներկայացուցիչները տարբեր տարիների մասնակցել են գեղեցկության միջազգային մրցույթների, սակայն այդքան էլ բարձր հորիզոնականներ չեն զբաղեցրել: Ազգային գեղեցկության մրցույթի տնօրենի խոսքով՝ այս փաստը այդքան էլ զարմանալի չէ:
«Կա որոշակի քաղաքականություն, պատրաստվածություն, նաև աղջիկների, որին մենք դեռևս չենք հասել, և ես շատ կցանկանամ, որպեսզի մեր աղջիկներն էլ կարողանան ձգտել այդ չափանիշներին»,- ասաց ազգային մրցույթի տնօրենը: Անդրադառնալով չափանիշներին՝ Գոհար Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ չափորոշիչներով են ընտրվելու «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում Հայաստանի ներկայացուցիչները: «Ես անձամբ հանդիպեցի «Միսս Աշխարհ» մրցույթի ղեկավարի ՝Ջուլիա Մորլիի հետ, ով շատ հետաքրքիր արտահայտություններ արեց, որը ինձ շատ զարմացրեց: Ինչ էլ լինի ես կարծում եմ, որ «Միսս Աշխարհը» գեղեցկության մրցույթ է, սակայն մրցույթը հիմա շատ կենտրոնացած է բարեգործության վրա: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ գեղեցկուհին իր տիտղոսն օգտագործի ինչքան հնարավոր է շատ օգուտ բերելու համար: Այս տարի մրցույթում հաշվի են առնվելու, թե այդ մասնակիցը կամ առավել ևս հաղթողը, ինչ բարեգործական ծրագրեր ունի Հայաստանի համար, ինչքանով ինքը կարող է համախմբել մարդկանց, կազմակերպությունների, ինչ նպատակ կունենա, ինչքանով ինքը կլինի ոգևորված այդ մտքով, լավ խոսել իմանա, կարողանա երկիր ներկայացնել»,- ասաց Գոհար Հարությունյանը՝ հավելելով, որ միջազգային մրցույթին մեծ ուշադրություն չեն դարձնելու մասնակիցների արտաքինին: Իսկ ինչ վերաբերում է «Միսս Տիեզերքին», ապա Գոհար Հարությունյանի խոսքով՝ այն ավելի գլամուրային է, արտաքինով ավելի շքեղ աղջիկներ են մասնակցում, որոնք ֆիզիկապես ավելի պատրաստված են: «Ես շատ մեծ պահանջներ չեմ ուզում դնել, որովհետև համեմատած այլ երկրների այդքան էլ շատ չեն մրցույթին դիմողները: Ես ինչքանո՞վ կարող եմ շատ պահանջներ դնել, եթե 300-400 դիմող է լինում, իսկ Ռուսասատանում այդ թիվը մի քանի հազարի է հասնում»,-ասաց Գոհար Հարությունյանը: Այս տարի Ազգային մրցույթը կանցկացվի հունիս-հուլիս ամիսներին, իսկ ժյուրիի անդամների համար, Գոհար Հարությունյանը բանակցություններ է այժմ վարում հարևան երկրների ազգային մրցույթի տնօրենների և տարբեր տարիների գեղեցկուհիների հետ: Ինչ վերաբերում է միջազգային մրցույթին մասնակցելու ֆինանսական կողմին, ապա այս տարի «Միսս Արմենիա» հիմնադրամը կփորձի իր միջոցներով ապահովել Հայաստանի մասնակցությունը: