Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վերականգնողական փուլը շարունակվում է, դեռևս հստակ ժամկետներ չկան, թե փառաբանված ըմբիշը երբ նորից կմասնակցի մրցաշարերի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Օլիմպիական չեմպիոնի հայր և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը: «Բուժումները շարունակվում են, և ընթացքում էլ նա շարունակում է թեթև մարզումները: Մարզավիճակ պահպանելու համար նա չի դադարեցնում մարզումները: Սակայն մարզումները բժշկի վերահսկողության ներքո են»,-ասաց Ալեքսանյանը:
Վերջինիս խոսքով` ոչ մեկին դեռևս հայտնի չէ, թե Օլիմպիական խաղերի չեմպիոնը երբ կվերադառնա գորգ: «Հաջորդ շաբաթ Արթուրը պետք է նորից հետազոտվի: Ճողվածքները շատ են: Բայց նա իրեն լավ է զգում»,-եզրափակեց Գևորգ Ալեքսանյանը:
Արթուր Ալեքսանյանը ԱՄՆ-ում բուժվում է 2018 թվականի դեկտեմբերից: