Երբ ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ այսուհետ շոու բիզնեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկեր վճարեն սեփական եկամուտներից, այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց և նույնիսկ զայրացրեց ոմանց, չնայած այն հանգամանքին, որ կարծես թե նման որոշումը հիրավի արդար կլիեր։
Վերջիվերջո, ո՞վ է ասել, որ երգիչների ու թամադաների գործը չպետք է հարկվի, իսկ կոշկակարինն ու ծրագրավորողինը՝ պետք է:
Սակայն այսօր արդեն մամուլում աբսուրդային լուր եմ կարդում, որում ասվում է, որ ՊԵԿ-ի հանձնարարականով աշխատակիցները շրջելու են ժամանցի վայրերով և ստուգեն՝ երգիչ-երգչուհիներից ովքեր են գործունեություն ծավալում և այդպես էլ չեն ուզում իրենց եկամուտները հայտարարագրել, և այստեղ ուշադրություն, ՊԵԿ-ում հայտարարվել է․
«Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք»։ Ավելին՝ նշվում է, որ հրահանգվել է խիստ գտնվել հատկապես Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ: Ի՞նչ է ստացվում, Թաթան վերին արտի ցորե՞ն է։
Որպեսզի գտնենք այս հարցի պատասխանը, առաջարկում եմ հետ գնալ թավշյա հեղափոխության ժամանակները, երբ շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ոնց կարողանում էր, սապոնվում էր՝ վերջում այս ամենից մի քյար ունենալու համար: Դե հիմա ստացեք։
Պարզվում է՝ Թաթա Սիմոնյանը լավ էլ գիտեր՝ ինչ էր անում, երբ հեղափոխության ժամանակ «Հայաստան, բարև» երգը ներկայացրեց։ Այն ժամանակ հեգնում էին, որ նա էլ օճառն առավ ձեռքը, որ հետո նրա շաբաշներին ձեռք տվող չլինի, բայց պարզվեց, որ դա հեգնանք չէր, այլ մարգարեություն: Ի դեպ, հիշեցնեմ, որ Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաշատ հոնորար ստացող արտիստներից է:
Հաջորդ կետը, որի մասին պետք է խոսեմ, մյուս արտիստների միջև ջոկողություն դնելու փաստն է: Լավ, էդ մյուսները հեչ, Թաթան մե՞ջ: Ինչքանո՞վ է դա արդար մյուսների նկատմամբ, երբ նոր իշխանությունը հավասարություն, արդարություն է փորձում քարոզել, բայց պարզվում է՝ իր լյուբիմչիկների համար ահագին զիջումների է, հա՞, գնում։
Մյուս արտիստներ ասելով նկատի չունենք միայն նրանց, ովքեր օճառն իրար էստաֆետով փոխանցելով հայտնվում էին հեղափոխական տրիբունի վրա։ Ո՛չ, եթե արտիստները պետք է հարկվեն, ապա պետք է հարկվեն բոլորն, ու չպետք է լինեն արտոնյալներ՝ անկախ նրանից, թե ինչ տխմար երգ ու ելույթ են ունեցել հեղափոխության մասին ու հեղափոխության օրերին։
Կա հավանականություն, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այդ դեպքում ՊԵԿ-ը և նրա նախագահ Դավիթ Անանյանը պարզապես պարտավոր են ցույց տալ դեկտեմբեր-հունվար ամիսներին նույն Թաթա Սիմոնյանի կատարած հարկային վճարումները, իսկ մենք կփորձենք պարզել, թե քանի հարսանիք ու համերգային ելույթ է ունեցել մեր երերագլուխ հեղափոխականը, իսկ հետո կհամադրենք թվերը։
Նյութի աղբյուր՝ chshti-ofis.blogspot.com