Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները տարածաշրջանի մշակույթը հասկանալու լավագույն միջոցներն են. նման համոզմունք է հայտնել Forbes հեղինակավոր պարբերականը «Համտեսեք այս ավանդական ուտեստները Հայաստան և Վրաստան գաստրոտուրի ժամանակ» վերնագրով հոդվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հոդվածագիրն անդրադարձ է կատարել երկու երկրների խոհանոցների ավանդական ճաշատեսակներին ու խմիչքներին։

«Վրաստանի և Հայաստանի ճաշատեսակները տարածաշրջանի մշակույթը հասկանալու համար կատարյալ միջոցներ են: Խոհարարական նման շրջագայությունը կլինի լավագույն տարբերակը՝ ուսումնասիրելու տարածաշրջանը՝ «համեղ ոճով»,-ասված է հոդվածում:

Հոդվածագիրն հայկական ավանդական խոհանոցից առանձնացրել է հայկական ոճով պատրաստված խորովածը: Նա նկատել է, որ խորովածը Հայաստանում նաև մեծ բիզնես է: «Նրանք համեմում ու շամփուրի վրա են շարում միսը՝ հաճախ խոզի, խորովում են և մատուցում ընտանեկան հավաքներին»,-նշված է նյութում:

Հոդվածագրի աչքից չի վրիպել նաև հայկական ավանդական կոնյակը: « Երևանի կոնյակի գործարանը 1887-ից սկսած թորում է «Արարատ»՝ օգտագործելով սպիտակ խաղող և աղբյուրի ջուր: Այն արվում է ըստ ավանդական մեթոդի, որը ժամանակի ընթացքում անփոփոխ է մնացել»:

 

Հեղինակն ընթերցողներին առաջարկել է նաև փոքրիկ շրջայց անցկացնել գործարանում՝ իհարկե անպայման համտեսելով կոնյակը: Այնուհետև նա խորհուրդ է տվել այցելել նաև «Արարատ» թանգարան՝ հասկանալու, թե ինչ լեգենդար կոնյակ է այն:

Հեղինակը վրացական խոհանոցից անդրադարձ է կատարել, դե իհարկե, վրացական ավանդական խաչապուրիին, գինուն: Նա առաջարկել է այցելել վրացական հայտնի գինու գործարան՝ հասկանալու, թե  աշխարհի մյուս երկրների համեմատ վրացական գինին ինչպես է պատրաստվում ու շշալցվում: Նա խրախուսել է վրացական գինու և պանրի համադրությունը, որը հիանալի կլինի ճաշակել տեղական ֆերմաներից մեկում ընտանիքի հետ:

Comments (0)
Add Comment