Հայկ Պետրոսյանի եւ Իննա Խոջամիրյանի՝ հունվարի 19-ին տեղի ունեցած նշանադրության մասին պատմել ենք:
Ամուսնության առաջարկության, սպիտակ զգեստի եւ եկեղեցական արարողակարգի մասին դերասանուհին խոսել է BRAVO.am-ի հետ զրույցում: Զույգի համատեղ որոշումն է չհանրայնացնել անձնական կյանքի այս շրջանը եւ ծավալուն հարցազրույցներ չտալ:
«Ամուսնության առաջարկությունը բացարձակ անակնկալ էր ինձ համար. Թայլանդում եմ ստացել՝ ծովափին։ Դրանից հետո, այնուամենայնիվ, որոշեցինք Հայաստանում եւս նշել»,-ասել է Իննան:
Զույգը որոշել է բացի մտերիմ մարդկանց հետ առիթը տոնելը, ըստ քրիստոնեական ավանդույթի՝ եկեղեցում պաշտոնապես նշանադրվել։
«Պսակադրությանը նախորդող ծիսակարգերից է եկեղեցում նշանադրվելը, որ ճնշող մեծամասնության կողմից մոռացվել է: Միգուցե այդ անտեղյակության պատճառով հենց շատերը շփոթել եւ ամուսնության առթիվ են շնորհավորել ինձ։
Սպիտակ զգեստի ընտրությունը խորհուրդ չունի. դիզայներ Արփինե Կոշտոյանի հետ ենք ընտրել ու կարել, իսկ գլխաշորը եկեղեցում պարտադիր է նույնիսկ սովորական այցի ժամանակ. սա եւս նրանց համար, ովքեր մինչեւ հիմա գրում են՝ քող կար գլխին, ի՞նչ նշանդրեք, ամուսնացել է»,-պարզաբանել է Իննան: