«Ֆանտոմասը» թալանել է Varks.am.ում եղած գումարը

Երեկ՝ հունվարի 14-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում անհայտ աձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողոպտիչը կողոպուտ անելու ժամանակ այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել. պարզապես «ինքը Ֆանտոմասն է» և իրեն գումարն է անհրաժեշտ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում; Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպտիչ «Ֆանտոմասին» և գողացված գումարները հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Comments (0)
Add Comment