Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը

Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի կանաչապատման ծրագրով նախատեսում է աշխատանքներ իրականացնել բնապահպանական առումով քաղաքացիների կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Անտաշյանը «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ որքան էլ քաղաքապետարանը, համայնքները ջանքեր, ֆինանսական միջոցներ ներդնեն, միևնույն է, արդյունքը ցանկալի չի լինի, եթե հանրությունը համապատասխան չարձագանքի:

«Արդյո՞ք համայնքի բնակիչները պատրաստ են նույն հոգատարությամբ արձագանքել քաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներին: Այստեղ շատ կարևոր է կրթական բաղադրիչը, որը իրականացվելու է երկու մասով: Նախ` կիրականացվի մասնագետների վերապատրաստում: Տարիներ շարունակ բողոքել ենք սխալ արվող էտից, որի արդյունքում ծառերն ավելի շատ վնասվում էին, դատապարտվում չորանալուն: Հիմա կունենանք վերապատրաստված աշխատողներ»,-ասաց Կարեն Անտաշյանը:

Հաջորդ կրթական գործառույթն իրականացվելու է դպրոցներում: Կրթական հաստատությունները կձևավորեն ուսումնական պարտեզներ, որտեղ սաները իրենց ուսումնական ծրագրի շրջանակում պարտավորված կլինեն զբաղվել բույսերի, ծառերի խնամքով:

«Մենք կարևորում ենք պատշգամբների կանաչապատումը, և այդ գործընթացը խրախուսելը: Անշուք շինությունը գեղեցիկ տեսք կարող է ունենալ կանաչապատման միջոցով: Հասարակության հետ աշխատանք կկատարվի, ոչ միայն գիտելիքներ կփոխանցեք, այլև կտրամադրենք տնկիներ: Նախատեսվում է անցկացնել լավագույն կանաչապատ պատշգամբ մրցույթ»,-ասաց նա:

Comments (0)
Add Comment