Այս պահին Օպերայի հարակից տարածքներում գտնվող սրճարանների տերերը հավաքվել և ժողով են անում: Ժողովի թեման հետևյալն է. 2018 թվականի դեկտեմբերի վերջին՝ Նոր տարվան մոտ, նրանք բոլորը քաղաքապետարանից ծանուցում են ստացել, որ պետք է լքեն իրենց սրճարանները, որովհետև քաղաքային իշխանությունները նախատեսում են այդտեղ ունենալ կանաչ տարածք:
Armdaily.am-ի հետ զրույցում սրճարանների տերերը պատմեցին, որ ստանալով ծանուցումը բավական զայրացել են և զարմացել ու դիմել են քաղաքապետարան, որպեսզի հասկանան ծանուցման բնույթը և արտահայտեն, որ դեմ են այդ որոշմանը: Քաղաքապետարանից բանավոր տեղեկացել են, որ նախատեսում են այդտեղ կանաչ տարածքներ ունենալ արդեն այս տարվա գարնանը՝ մինչև մայիս ամիսը: Այսինքն ստացվում է, որ նրանք պետք է միակողմանի լուծեն իրենց պայմանագիրը և ազատեն տարածքները:
Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ ինքն էլ է ստացել այդ գրավոր ծանուցումը: Շատ բացասական դիրքորոշում ունի, բողոքում է դրա դեմ և համարում է, որ սա քաղաքական բնույթ է կրում: Իսկ թե ինչու է քաղաքական բնույթ կրում, Ալեքսանդր Իսկանդարյանը բացատրում է, որ նախկին իշխանությունների ապօրինությունն են համարում, որ թույլ են տվել Օպերայի տարածքում սրճարան ունենալ, իսկ այսպես վերացնում են ապօրինությունը: «Ես չեմ տեսել պետական կանաչ տարածք, որը լինի բարեկարգ: Ընդհակառակը, մասնավոր կանաչ տարածքներն են, որ մարդիկ օրնիբուն հետևում են ու դրանք նորմալ տեսք ունեն: Նրանք մեզ ոչինչ չեն առաջարկել: Մենք ընդհանրապես փոխհատուցում չենք էլ ուզում, դրա մասին խոսք լինել չի կարող: Մի բան է մեր պահանջը՝ թողնեն մենք աշխատենք»,- ասաց Իսկանդարյանը:
Մեր այն հարցին, եթե համաձայնության չգան կամ եթե թույլ չտրվի, որպեսզի նրանք կարողանան աշխատել, ինչ են պատրաստվում անել, նա պատասխանեց. «Որոշել եմ ընդդիմանալ մինչև վերջ: Ինչ պետք լինի կանեմ: Պետք լինի փողոց, փակել փողոց կփակեմ, պետք լինի մեր խոսքը հասցնել վարչապետին, կհասցնեմ: Սա, նորից եմ շեշտում, ընտանեկան բիզնես է և այստեղ բոլորի բիզնեսն էլ ընտանեկան է: Նրանք փակում են մեր բիզնեսները: Դիմում, կոչ ենք անում և խնդրում որ մեր խոսքը հասնի քաղաքային իշխանություններին և վարչապետին»: Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց նաև, որ չնայած իրենց աշխատանքը սեզոնային է, սակայն կցանկանան, որ ձմռանն էլ փակեն այդ սրճարանները և աշխատեն: Այդպես նրանք ավելի շատ հարկ կվճարեն: Եզրափակելով խոսքը, Իսկանդարյանն ավելացրեց, որ այդ որոշումը հիմարություն է և պատրաստ է կռիվ տալ մինչև վերջ: Մեզ հետ զրույցում Ատլանտիկ ՍՊԸ-ի «Ատմոսֆերա» սրճարանի տեր Էլիզաբեթ Ղազարյանը նշեց, որ իրենց սրճարանը գործում է շուրջ 16 տարի և հիմնել է նրա պապը: Այս պահին ինքն է աշխատեցնում և սեզոնին ունենում են 30-40-ից ավել աշխատողներ: Կարծում է, որ որոշումը այդքան աշխատատեղերի կրճատման պատճառ կդառնա նաև:
Իսկ այդ աշխատողները, ովքեր հավատարիմ աշխատողներ են և լավ մարդիկ, շատ դժվար կկարողանան աշխատանք գտնել: «Չենք հասկանում՝ ինչ են ուզում անել: Թող գան տեսնեն, անգամ անգամ ձմեռը մեզ մոտ իդեալական մաքրություն է տիրում»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենց սրճարանը հեղափոխությանն աջակցող ամենամեծ սրճարանն է եղել և հեղափոխության ժամանակ շատ ակտիվ մասնակցել են: Նաև նշեց, որ այնտեղ է նշվել Նիկոլ Փաշինյանի ծնունդը, որին մասնակցել են նաև նրա թիմակիցները, կան տեսագրություններ: