ԱՄՆ-ում սկսվել է «Օսկար»-ի դափնեկիրներին որոշելու շուրջ քվեարկության առաջին փուլը

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի անդամները հունվարի 7-ին սկսել են «Օսկար» մրցանակի դափնեկիրներին որոշելու համար քվեարկության առաջին փուլը, որոնց անունները կհայտարարվեն փետրվարին «Օսկար»-ների հանձնման 91-րդ արարողությանը:

Ինչպես հայտնել է Golden Derby ինտերնետ-պորտալը, առցանց քվեարկությանն իրավունք ունեն մասնակցել Ակադեմիայի ավելի քան 7900 անդամներ:

 

Մինչև հունվարի 14-ն ընկած ժամանակաշրջանում նրանք պետք է ներկայացնեն իրենց նախապատվությունները: Մրցանակի անվանակարգորդները կհայտարարվեն հունվարի 22-ին, իսկ փետրվարի 24-ին Հոլիվուդի Dolby թատրոնում տեղի կունենա պարգեւատրման արարողությունը:

Ներկայում մրցանակը շնորհվում է 24 անվանակարգում, որոնց թվում են՝ «Լավագույն ֆիլմը», «Լավագույն ռեժիսորը», գլխավոր դերերի և երկրորդ պլանի դերերի համար դերասանական անվանակարգերը, «Օտար լեզվով լավագույն ֆիլմը», «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմը» և ուրիշներ:

Քվեարկության առաջին փուլում 17 մասնագիտական գիլդիաների ներկայացուցիչները՝ դերասաններ, ռեժիսորներ, օպերատորներ, սցենարիստներ և այլ կինոգործիչներ, «Օսկար»-ի թեկնածուներին ընտրում են իրենց կատեգորիաներում: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնորդների համար կարող են քվեարկել Ակադեմիայի բոլոր անդամները: Անվանակարգորդներին («Լավագույն ֆիլմ» կատեգորիայում՝ հինգից մինչև տասը, մնացած կատեգորիաներում՝ հինգական) պաշտոնապես հայտարարելուց հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլը, որի ընթացքում ակադեմիկոսներն ընտրում են դափնեկիրներին, այս անգամ նրանք ձայնի իրավունք են ստանում բոլոր կատեգորիաներում:

Comments (0)
Add Comment